Սպասեք և հավատացեք
«Մարդիկ» երկու տարի առաջ ի լուր աշխարհի հայտարարել են` «… մենք արժեքների հեղափոխություն ենք անում…» : Գուցե մոռացե՞լ եք, գուցե չե՞ք լսել, կամ` ուշադրություն չե՞ք դարձրել:
Նաև անդադար բղավել են` «կոռուպցիա» և «թալան»: Ուրիշ ոչինչ չեն ասել, բացարձակապես` ոչինչ:
Արդյունքում ի՞նչ ունենք այսօր: Կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար, որովհետև իրականում չի եղել այն ծավալի, ինչի մասին տարիներ շարունակ «օդում կախված լուրեր…»-ի տեսքով ստել են ձեզ: Իսկ այսօրվա վարչակարգի մասին ոչ թե «…օդում կախված լուրեր…» են, որոնցով տասնամյակներ կերակրել են հանրությանը, այլ իրական և բացահայտ աննախադեպ հովանավորչություն, կաշառակերություն, թալան և գանձագողություն:
Իսկ ի՞նչ են անում արժեքների հետ` ազգային արժեքների հետ:
«Հեղափոխու՞մ» են, թե՞ ոչնչացնում:
Եթե հեղափոխում են, ապա ինչո՞վ են փոխարինում, ո՞ր արժեքներով, ո՞ր ազգի…
Այն ժամանակ, 2018-ին հարց չէ՞ր առաջանում`
«…այս ի՞նչ եք ասում, այդ ո՞ր արժեքները նկատի ունեք, տիկնայք և պարոնայք, «հեղափոխականներ»: Հավանաբար անչափ զորեղ էին հարթակներից լսվող «կոռուպցիա» և «թալան» բղավոցները, որ միանգամից ձեր աչքի առաջ էին գալիս ձեզանից քիչ թե շատ լավ ապրող ձեր հայրենակիցները, և այլևս չէիք ուզում ոչ մտածել, ոչ լսել, ոչ տեսնել, ոչ էլ հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում:
Չէիք կասկածու՞մ, որ «… արժեքների հեղափոխություն …» ասելով մեր արժեքներն են ոչնչացնելու, ազգային արժեքներն են ոչնչացնելու, մեզ բոլորիս են ոչնչացնելու, մեր հայ տեսակն են ոչնչացնելու, մեր հայրենիքն են ոչնչացնելու, մեր պետությունն են ոչնչացնելու:
Իսկ միգուցե դեռ հույսեր եք փայփայում, որ ի վերջո ունևորից կխլեն ունեցվածքը, և կբաժանե՞ն:
Մի՞թե այդքան միամիտ ու պարզունակ եք, հարգելիներս:
Մի՞թե այդքան նախանձ ու չարամիտ եք:
Ե՞րբ և որտե՞ղ է այդպես եղել, որ հիմա լինի: Այդ ո՞ր հեղափոխությունն է ի վերջո այդպիսի արդյունք ունեցել, որ սպասում էիք, թե այս մեկը կունենա:
Սիրելի ժողովուրդ, եթե այս ամենից հետո լռում, և հանդուրժում եք, ապա` ստացվում է, որ պատրաստ եք և համաձայն եք ամենուրեք բացառել և ջնջել «Հայ» բառը, «Հայ» հասկացությունն ու Հայաստանը, Հայու գենը, Հայկական ազգային բոլոր արժեքները միայն և միայն այն բանի համար, որպեսզի ձեր շուրջ բոլորը վատ ապրեն` սնանկանան, թշվառանան, արտագաղթեն: Համաձայն եք նույնիսկ ինքներդ էլ հիվանդանաք, սնանկանաք, կամ մնաք թշվառության մեջ, միայն թե բոլորը տառապեն:
Սա եք ուզու՞մ:
Պարզից էլ պարզ է, որ բոլորդ էլ փոշմանել եք: Մի մասն արդեն խոստովանում են, մի մասը` ոչ: Սակայն բոլորն էլ գիտակցում են որ խաբված են:
Այդ դեպքում ինչու՞ եք հանդուրժում այս ծաղրը, այս խեղկատակությունը, այս ստախոսության հեղեղը, դավաճանության սահմանագիծը հատած այս ընչաքաղցությունը, տհասությունն ու տգիտությունը:
Ի՞նչն է կանգնեցնում ձեզ, սիրելի հայրենակիցներ:
Միգուցե դեռ սպասու՞մ եք, դեռ հու՞յս ունեք, դեռ հավատու՞մ եք:
Դե ուրեմն` սպասեք…
Սպասեք… Սպասեք և հավատացեք մինչ այն պահը, երբ.
– օրենքով կստիպեն հրաժարվել Հայ դատից և ազգային պահանջատիրությունից,
– օրենքով կստիպեն մոռացության տալ Հայկական լեռնաշխարհը, պատմական Հայաստանը, ցեղասպանությունը, ձեր պապերի և հայրերի երազանքներն ու նպատակները:
Սպասեք…
Սպասեք և հավատացեք մինչ այն պահը, երբ.
– օրենքով կստիպեն մոռանալ, որ դուք հայ եք,
– օրենքով կստիպեն մոռանալ հայ գրականությունը, հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայկական մշակույթը, հայկական ծագումը, հայկական ավանդույթները, հայկական ընտանիքը, հայկական խոհանոցը, ամեն հայկականը,
– ձեր որդին ձեզ կներկայացնի արական սեռի իր հարսնացուին, ձեր դուստրը` իգական սեռի իր փեսացուին, իսկ թոռնիկն ու թոռնուհին` անհայտ սեռի իրենց զուգընկերներին:
Սպասեք…
Սպասեք և հավատացեք մինչ այն պահը, երբ.
– Հայ առաքելական սուրբ եկեղեցին կգրավեն աղանդավորներն ու այլասերվածները:
Սպասեք…
Սպասեք և հավատացեք մինչ այն պահը, երբ.
– պետական կառույցներում որոշում կայացնողներ կդառնան օտարերկրացիները,
– օրենքով, օտարերկրացիների ձեռամբ ձեզնից կխլեն ձեր, ձեր հայրերի և պապերի դառը քրտինքով ստեղծածն ու կառուցածը, և կբաժանեն իրար մեջ,
– վերջնական ունեզրկված և հուսալքված լավագույն դեպքում կլքեք ձեր հայրենիքի սահմանները:
Եվ հիշեք` իսկական ունևորից չեն խլել, և չեն խլելու, քանզի նրանք վաղուց միասին են:
Ձեզնից են խլելու` ձեզնից, սիրելի ժողովուրդ:
Սպասեք…
Սպասեք և հավատացեք:
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից