Նիկոլ Փաշինյանն այսօր տառացիորեն հայտարարել է հետևյալը.
«Ինչո՞ւ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում»:
Այսօր այդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ ինձ համար գործնական հնչեց՝ ճի՛շտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է եղել, և ճիշտ որոշում է: Մեր նախարարները, Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև գործատուի պատիվն է, թե ինքն իր ծառային, աշխատողին ինչպես է պահում և վերաբերվում:
ՀՀ ժողովուրդը պետք է ուրախանա, որ ՀՀ-ում գործում են նախարարներ, որոնք հարյուր հազար, երկու հարյուր հազար, երեք հարյուր հազար պարգևավճարի կարիքն ունեն: Առաջին անգամ է մեր պատմության մեջ, որ մեր երկրում գործում են նախարարներ և մարզպետներ, որոնք ունեն այդ պարգևավճարի կարիքը»:
Գիտե՛ք, որևէ մեկը չի էլ կասկածում, որ մեր երկրում բոլոր հարցերը որոշում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:
Բայց խնդիրը նրա որոշումը չէ՝ նախարարներին և մարզպետներին պարգևավճար տալու մասին: Կարևորն այստեղ այն է, որ մեր ժողովուրդը պետք է դրա համար ուրախանա: Թո՛ղ ուրախանա…
Բայց մի փոքրիկ բայց…
Ես էլ ուզում եմ, որ մեր ծնողները ստանան արժանապատիվ կենսաթոշակ, զինծառայողները, բժիշկներն ու ուսուցիչները՝ բարձր աշխատավարձ, բանվորներն ու գյուղում աշխատող հազարավոր հայրենակիցներն էլ կարողանան պարգևավճար ստանալ:
Ուզում եմ, որ հաշմանդամները որևէ սոցիալական խնդիր չունենան, մանկատներն ու ծերանոցները ապահովված լինեն բոլոր պայմաններով, և այլն, և այլն…
Թե չէ ստացվում է, որ Հայաստանն այնպիսի բացառիկ երկիր է, որտեղ, ինչպես վարչապետն է ասում, «Ծառան» պետք է ավելի շատ վաստակի և ամեն ամիս պարգևատրվի, իսկ «Գործատուն՛՛ շարունակի չարքաշ կյանքը, բայց ուրախանա «Ծառայի» հաջողություններով…
Լու՞րջ ես ասում, Նիկոլ ջան:
Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից