Ինչ կանոններ կգործեն գրադարաններում ու թանգարաններում. Ավինյանի որոշումը
Advertisement 1000 x 90

Ինչ կանոններ կգործեն գրադարաններում ու թանգարաններում. Ավինյանի որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մշակութային և ուսումնական կենտրոնների գործունեության համար նոր կանոններ են սահմանվել:

Մասնավորապես, յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքը պետք է առանձնացվի և չտրամադրվի մեկ ուրիշին առնվազն 1 օր։ Բացի այդ, ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումը պետք է իրականացվի` ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

«Թանգարանների դեպքում էլ պետք է բացառվի թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը, հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը։ Իսկ հնարավորության դեպքում սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով»,–նշված է պարետի որոշման մեջ։

Ինչ վերաբերում է ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններին, ապա յուրաքանչյուր խմբի դասընթացը սկսելուց առաջ պետք է կատարվի մասնակիցների ջերմաչափում, ինչպես նաև նրանք պետք է պարտադիր դիմակ դնեն։

Բացի այդ, կարգելվի մշակութային որևէ միջոցառմանն առանց դիմակի մասնակցելը։ Միջոցառումից առաջ պետք է հանդիսատեսին ջերմաչափեն։ Միջոցառման ժամանակ պետք է ապահովվի բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։