ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելու խնդիր կա։ Ըստ վարչապետի մամուլի ծառայության` Փաշինյանն իր կարծիքը հայտնել է այսօր` գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին նվիրված խորհրդակցության ժամանակ։
«Կան գյուղեր, որտեղ սովորական ասֆալտապատումը հարցի լուծում է, և բավական շատ համայնքներում այդպիսի լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում: Բայց կան համայնքներ, և կան դեպքեր, երբ սովորական ասֆալտապատման եղանակով հնարավոր չի լինի գյուղերում ճանապարհներ կառուցել կամ նորոգել, ստեղծել՝ ռելիեֆի, կլիմայական և այլ հանգամանքների բերումով»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է քննարկվի, թե այլընտրանքային ինչ ձևեր կան, որպեսզի գյուղերում հնարավոր լինի նորմալ փողոցներ ունենալ: Առաջինը, ըստ վարչապետի, սալարկման հնարավոր տարբերակն է։
Քննարկվել է նաև գյուղական համայնքների ճանապարհների նորոգման հնարավոր մոդելների հարցը: Ներկայացված առաջարկների շարքում Փաշինյանը հետաքրքրական է համարել տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը: Քննարկվել են համայնքային և միջհամայնքային ճանապարհների կառուցման գործընթացի հնարավոր տարբերակները՝ նախագծումից մինչև իմպլեմենտացիա: Քննարկվել է տեղական հումքի պաշարներով հարուստ գյուղական համայնքներից մեկում պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը, ինչն էլ թույլ կտա գնահատել դրա արդյունավետությունն ու նպատակահարմարությունը:
Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով մինչև հաջորդ շաբաթվա ավարտը ներկայացնել կոնկրետ համայնքի օրինակով մշակված նախագիծ: