Ռոբերտ Քոչարյան՝ Մարդ, ով հաղթահարել է ճգնաժամեր, երկիրը հաղթանակած դուրս բերել պատերազմից ու փլատակներից ուժեղ պետություն դարձրել․ Վահե Եփրիկյան
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյան՝ Մարդ, ով հաղթահարել է ճգնաժամեր, երկիրը հաղթանակած դուրս բերել պատերազմից ու փլատակներից ուժեղ պետություն դարձրել․ Վահե Եփրիկյան

Ինձ կհուշե՞ք՝ համաշխարհային պատմության մեջ ո՞վ է եղել երկու պետության Նախագահ՝ ընդ որում երկուսի անկախության ակունքներում էլ կանգնած լինելով։

Ռոբերտ Քոչարյանը։

1992թ. ստանձնելով մեծամասամբ թշնամու կողմից գրավված Արցախի Պաշտպանության Պետական Կոմիտեի Նախագահի պաշտոնն՝ առաջնորդեց հայ ժողովրդի գոյապայքարն՝ այն հասցնելով հաղթական ավարտի։

Ճգնաժամը հաղթահարված էր։

Ապա դարձավ Արցախի Առաջին Նախագահը՝ ձեռնամուխ լինելով հետպատերազմյան Արցախի զարթոնքի գործին։ Նախագահության հենց առաջին տարիներին հաղթահարվեց մաշող պատերազմի հասցրած սոցիալ – տնտեսական վնասները, հայկական Արցախն անվտանգ էր ու անշեղորեն բռնել էր զարգացման ուղին։

Ճգնաժամը հաղթահարված էր։

Հայաստանում վերոհիշյալ տարիներին տեր – պետրոսյանական իշխանությունն էր, որը պատերազմից պակաս չէր կեղեքել երկիրը՝ Սովետական Հայաստանի հսկայական տնտեսությունը, ենթակառուցվածքները դարձնելով ավերակների կույտ՝ ազգային – անվտանգայինից մինչև սոցիալ ֊ տնտեսական ու հոգևոր – մշակութային անելանելի թվացող անդունդ էր։ 1997թ. Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց Արցախից Հայաստան՝ նախ զբաղեցնելով ՀՀ վարչապետի, ապա Նախագահի պաշտոնը։ Թվերից ու մանրամասն վերլուծություններից զերծ կմնամ՝ բավարարվելով փաստել՝ սահմանին զոհերն ամենաքիչն են եղել, Մեծ Եղեռնը տանսյակից ավել պետություններ են ճանաչել ու դատապարտել, սրընթաց զարգացող տնտեսության համար արտերկրում Հայաստանը «Կովկասյան վագր» է անվանվել, Սփյուռքի հետ կապերն են ակտիվացել։ Ե՛վ լույս եղավ, և՛ գազամուղը Հայաստան մտավ, և՛ աղքատությունը նվազեց, և՛ աշխատատեղեր բացվեցին … Սրանք փաստեր են։ Արժանապատիվ քայլերով ու բացճակատ Հայաստանն առաջ էր շարժվում՝ անդամագրվելով Եվրոպական կառույցներին, բարեկամանալով ու դաշնակցելով բազմաթիվ այլ պետությունների հետ, միաժամանակ վարելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն և երաշխավորելով քաղաքացու բարեկացիկ կյանքը։

Ճգնաժամը հաղթահարված էր։

2018թ.-ին Ռոբերտ Քոչարյանն, ով այդժամ արդեն տասը տարի էր՝ թողել էր պաշտոնն ու անցել վաստակած հանգստի, վերստին վերադարձավ մեծ քաղաքականություն ու մինչ այժմ կռիվ է տալիս իր իսկ պետության համար՝ հավատարիմ մնալով «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է», «Իմ մեջքը նույնիսկ թշնամին չի» տեսել սեփական կարգախոսներին, վերադարձել է այնժամ, երբ էլի ճգնաժամ է, երբ Արցախն էլի վտանգված է, երբ տնտեսությունը գլխիվայր գահավիժում է, քաղաքացին դարձել է «տուգանքի մատերիալ», երբ Հայ Դատի խնդիրն օրակարգից դուրս է, երբ բարեկամները երես են թեքել, իսկ թշնամին հոխորտում է, մենք՝ խաղաղություն մուրում, երբ հանաճարակը կյանքերն է լափում, իսկ դրա դեմ պայքարելու կոչված իշխանությունը միայն պարգևավճարվում։

Այս անգամ արդեն պետք է Հայոց Պետականության Պաշտպանության Կոմիտե ստեղծել, որտեղ չեն լինի ապազգային ու կենտրոնախույս տարրեր, որոնք դասալքվել են և՛ Արցախյանից, և՛ Ապրիլյանից, որոնք լոկ դրածո են մեզ կազմաքանդելու ու բաժան – բաժան անելու, ազգային պետությունը սրա – նրա պլացդարմը դարձնելու համար, այլ կլինեն մարդիկ, ովքեր հայկական երկու հանրապետությունների պետականաշեն ակունքներում են կանգնած եղել ուբսեփական ձեռքերով են կանգնեցրել պետական կառույցը մեր՝ հայի երազանքը։

Ռոբերտ Քոչարյան՝ Մարդ, ով հաղթահարել է ճգնաժամեր, երկիրը հաղթանակած դուրս բերել պատերազմից ու փլատակներից ուժեղ պետություն դարձրել ու հիմա ասեք՝ ո՞վ, եթե ոչ Նա, ու թե հանրային պահանջ պետք է լինի, ապա միայն Քոչարյանի՝ այս ճգնաժամի հաղթահարման խնդիրը ևս իր ուսերին վերցնելու խնդրանքը պիտի լինի։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր