Դպրոցական երեխաների դիմակներ կրելու որոշումներում պետք է հաշվի առնել այդ տարիքի երեխաների ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները
Advertisement 1000 x 90

Դպրոցական երեխաների դիմակներ կրելու որոշումներում պետք է հաշվի առնել այդ տարիքի երեխաների ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները

Doctorsnet.am-ը զրուցել է Երևանի հենակետային բժշկական քոլեջի դասախոս, մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանի հետ։

Արդյո՞ք երեխան պետք է դիմակ կրի

-Առողջության պահպանման առաջնային օղակի համար երեխան նորածնային շրջանից մինչև նախազորակոչային տարիքնէ համարվում: Բնական է, որ նորածնային տարիքից մինչև 3 տարեկաններին դիմակը չի վերաբերվում, վաղ մանկական տարիքի երեխաներն ավելի ապահով են, քանի որ իզոլացված են մյուս խմբերից առավել։ Նախադպրոցական (4-6 տարեկաններ) և տարրական դասարաններ (6-10 տարեկաններ) ավելի ապահովված են կորոնավիրուսից՝ մատչելի ասած, կորոնավիրուսը, բարեբախտաբար, երեխաների նկատմամբ «հետաքրքրություն չի դրսևորում» , որի պատճառն այդ տարիքում արյան ձևավոր տարրերի կառուցվածքային առանձնահատկություններն են:

ԱՀԿ ուղեցույցներով ցանկալի է դիմակների կրումը 12 տարեկանից սկսած` փակ շինություններում, փողոցներում, մարդաշատ վայրերում, այնպես, ինչպես չափահաս մարդիկ են կրում: Այդպես է արվում, օրինակ Ֆրանսիայում, չնայած ամեն երկիր կարող է իր որոշումներն ընդունել դպրոցների աշակերտների համար:

-Ինչպիսի՞ դիմակներ պետք է կրեն երեխաները

-Երեխաների դիմակները պետք է համապատասխանեն անվտանգության ապահովման նորմերին և լինեն համապատասխան չափերի, ըստ անհրաժեշտության:

Կարո՞ղ են կիրառվել կտորե դիմակների այլընտրանքային տարբերակներ․ օրինակ՝ դիմավահաներ, որքանով են դրանք կիրառելի և պաշտպանիչ։

Նախ կտորե դիմակները հենց այլընտրանքային են, ոչ ապահով, որոնք դժվար թե կանխեն վիրուսների ներթափանցումը: Պահապան դիմավահաններն, իմ կարծիքով, տարրական դասարանների երեխաների համար կլիներ ամենանախընտրելի տարբերակը, քանի որ այդ տարիքի երեխանների մոտ Covid-19 նոր վարակը հազվադեպ է հանդիպում: Ավելի ապահով լինելու համար, պահապան դիմավահաններին կարելի է ավելացնել թափանցիկ միջնորմները, որոնք ֆիքսելով նստարանին, T-աձև լինելով, առջևից և կողքից կապահովեին դպրոցականների լրացուցիչ անվտանգությունը, առանց խանգարելու ուսուցչի դասավարմանը: Հույս ունենանք, որ այդ եղանակը քննարկվելով, գուցե հաստատվի պատկան մարմիններում: Դրա հետ միասին, անչափ կարևոր գործոն է նորմալ օդափոխությունը բոլոր դասարաններում:

-Ո՞րոնք են երեխաների դիմակներ կրելու կանոնները, արդյո՞ք նրանք կկարողանան կիրառել այդ կանոնները

-Դիմակ կրելու կանոններից հիմնականներն են. անվտանգության ապահովումը, առնվազն եռաշերտ կառուցվածքը, որոնք դնելուց առաջ պետք է ձեռքերը մշակվեն ախտահանիչ ալկոգելով կամ սպիրտային լուծույթով, հագնեն առանց դիպչելու ներսային մակերեսին, ֆիքսեն ականջներին, ֆիքսեն քթարմատին, որ խոսելուց ցած չսահի։ Դիմակ դնելիս չդիպչեն դիմակին, փոխեն 2-3 ժամը մեկ։ Փոխելուց առաջ նույն կերպ մշակեն ձեռքերը, հանեն նախ մի ականջից՝ թելիկից բռնած, հետո մյուսից և գցեն փակվող դույլի մեջ։ Բնական է, որ անգամ որոշ չափահասներ նման կերպ դժվարանում է դիմակ դնել, դա մենք բոլորս ենք տեսնում մեր շրջապատում, այնպես, որ պահանջել տարրական դասարանի երեխաներից այդ հմտությունները մեծ դժվարությունների հետ է կապված, եթե չասեմ, որ 25-30 հոգանոց դասարանում, քաղաքային դպրոցներում, նման կանոններն գրեթե անհնար է ապահովել՝ առանց չափահասի օգնության և միջամտության:

Դպրոցական ուղեցույցը՝ դիմակներ դնելու և աշակերտների տեղաշարժի առումով, իմ կարծիքով, խիստ վիճելի է, պարզապես անընդունելի, քանի որ այն կազմողները ոչ հաշվի են առել վաղ դպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները, ոչ էլ հավանաբար քննարկումներ են արել մանկաբույժների և մանկավարժների հետ:

-Հնարավո՞ր է հենց դիմակները դառնան վարակի աղբյուր։ Դիմակների երկարատև օգտագործման դեպքում հնարավո՞ր են կողմնակի ազդեցություններ

-Կարճ կպատասխանեմ՝ այո հնարավոր է, որովհետև մանկավարժն անկարող է դասավարման պրոցեսին զուգահեռ կատարել առնվազն 2-3 հսկող և կարգավորող անձնակազմի ֆունկցիաները: Դասարանը կիսելը, շաբաթ օրը օգտագործելը մասամբ կթեթևացնի ուսուցչի գործը:

Շոգ եղանակին արտաշնչած օդի ջրային գոլորշիների կուտակումը դիմակի ներսային մասում, ածխաթթու գազի առկայությունը, մաշկի հետ տևական շփումը, թթվածնի անհրաժեշտ քանակի պակասը կարող է նպաստել մաշկի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների, մանավանդ որ այդ տարիքում սկսում են կաթնատամների փոխարինումը հիմնականներով, շարժվող ատամներն էլ ոչ բոլորին է հնարավոր դարձնում ատամների ամենօրյա խնամքի իրականացումը, սրանք և այլ պատճառների հանրագումարը երեխաների մոտ կարող է բերել ձեր նշած «կողմնակի ազդեցությունների», որոնց պայմաններում դասապրոցեսի արդյունավետությունը խիստ կընկնի:

-Եվ վերջում՝ Ձեր խորհուրդը, ինչպե՞ս պաշտպանել երեխաներին վիրուսներից

-Երեխաներին կոփելով՝ առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, մաքուր օդ, մի քիչ էլ օրգանիզմի ժառանգական դիմադրողականության պաշար։ Սրանք են այն միջոցները, որով բնությունը ամեն օրգանիզմին տալիս է հնարավորություն՝ պաշտպանվելու վիրուսային վարակներից: ԵՎ իհարկե, համավարակի դեպքերում, կիրառելով նաև հիմնական կանոնները վարակային հիվանդություններից պաշտպանվելու համար. դիմակների կրում փակ հաստատություններում, մարդաշատ վայրերում, անվտանգ հեռավորության պահպանում, նորմալ օդափոխություն, անձնական հիգիենայի նորմերի պահպանում: