«Ապրել եմ Մանկատանը, գնացել-ծառայել եկել եմ, հայտնվել եմ դրսում». Նման գրությամբ պաստառով երիտասարդ տղան ներկայացնում է, որ տուն չունի, Վանաձորից է և աշխատանք է փնտրում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում երիտասարդ Արթուր Եղշատյանը տեղեկացրեց, որ 1999 թվականին է ծնվել։ Կորցրել է անձնագիրը, միայն վերջերս են իրեն ժամանակավոր թուղթ տվել, որ կարողանա աշխատանքի ընդունվել։ Տուն չունենալու պատճառով անձնագրային բաժնում երիտասարդի գրանցման հասցեն նշված է «Ք. Երևան, Հս Պողոտա շ. 3»։
«Փաստինֆո»-ի և բազմաթիվ օգտատերերի կողմից բարձրացվել է տղայի ապագայի հարցը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ որոշեց պարզաբանում ներկայացնել, ըստ որի երիտասարը՝ որպես մանկատան շրջանավարտ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 09.03.2020 թ.-ին ստացել է բնակարանի գնման վկայագիր: Հինգ ամիս անց քաղաքացին ևս մեկ անգամ դիմել է նախարարություն՝ նշելով, որ կորցրել է փաստաթղթերը, և խնդրել իրեն տրամադրել ԲԳՎ-ի կրկնօրինակը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում երիտասարդն ասում էր, որ իրեն ՝ որպես մանկատան սան բնակարան չի հասնում. «բոլորին հասնում է ինձ չէ»,- ասել էր Արթուրը։
Մինչ այդ քաղաքացուն առաջարկվել է բնակտարածք՝ Թբիլիսյան խճուղում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բնակարաններում, ինչից քաղաքացին հրաժարվել է:
«Քաղաքացուն առաջարկվել է նաև աշխատանք, քաղաքացին դրանից ևս հրաժարվել է: ԲԳՎ կրկնօրինակի տրամադրման գործընթացը՝ սահմանված կարգով, իրականացվում է: Օրերս նրան կտրամադրվի փաստաթղթի կրկնօրինակը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։