ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալը նույնպես հայտնվել է 27-ամյա խարդախի ճիրաններում. ոստիկաններն ունեն կասկածներ, որ տուժածների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի. shamshyan.com
Advertisement 1000 x 90

ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալը նույնպես հայտնվել է 27-ամյա խարդախի ճիրաններում. ոստիկաններն ունեն կասկածներ, որ տուժածների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի. shamshyan.com

Արդեն մի քանի օր է, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքացիները տեղեկություններ են տարածում, որ ինչ-որ տուրիստական ընկերության տնօրեն ներկայացած անձը մի շարք խարդախություններով տիրացել է իրենց գումարներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոսքը 27-ամյա Վահե Շահվերդյանի մասին է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Աստղիկ Բ.-ն և հայտնել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 1 հասցեում գործող «Բյութի օֆ Արմենիա տուր»-ի տնօրԵն ներկայացած Վ. Շահվերդյանը հանգստի կազմակերպման համար խաբեությամբ իրենից պահանջել և ստացել է գումար:

Կենտրոնի ոստիկանություն է դիմել նաև Երևանի բնակիչ, 34-ամյա Հասմիկ Հ.-ն, ով հայտնել է, որ դարձյալ իր հանգիստը կազմակերպելու համար գումար է փոխանցել Վ. Շահվերդյանին, ով նույնպես խարդախությամբ յուրացրել է գումարը: Վ. Շահվերդյանի կողմից հերթական խարդախության համար կենտրոնի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Լաուրա Հ.-ն , ով հայտնել է, որ ինքը նույնպես նույն եղանակով խաբվել է:

Երևանի բնակիչ, 23-ամյա Անահիտ Հ.-ն նույնպես իր հանգիստը կազմակերպելու համար փոխանցումային տարբերակով գումար է ուղարկել Վ. Շահվերդյանի ասած հաշվեհամարին: Երևանի բնակիչ, 31-ամյա Աննա Հ.-ն նույնպես հավատացել է Վ. Շահվերդյանին և իր հանգիստը կազմակերպելու համար փոխանցման եղանակով գումար է տվել, բայց հետո է զգացել, որ ինքը խաբեության զոհ է դարձել:

Նմանատիպ եղանակով Վ. Շահվերդյանին գումար է տվել նաև Երևանի բնակիչ, 30-ամյա Թամարա Մ.-ն, ով նույնպես ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել է, որ դարձել է նրա զոհը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Շահվերդյանի կատարած խարդախություններից տուժել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն վարչության մաքսային տեսուչ, Երևանի բնակիչ Արաքսյա Ս.-ն, ով ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել է, որ Վ. Շահվերդյանը իր հանգիստը Դիլիջանում անցկացնելու նպատակով իրենից «Իդրամ» հավելվածի միջոցով ստացել է գումար, սակայն իր անվամբ ամրագրումը չի կատարվել, ինչի արդյունքում Վ. Շահվերդյանը, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ տիրացել է գումարին:

Երևանի բնակիչ Արմենակ Խ.-ն նույնպես դիմել է ոստիկանության Նոր նորքի բաժին և հայտնել, որ Վ. Շահվերդյանը, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ տիրացել է իր կողմից նրա հայտնած հաշվեհամարին փոխանցված գումարին, իսկ գումարը փոխանցել էր, քանի որ նրա և Վ. Շահվերդյանի միջև պայմանավորվածություն է եղել իր հանգիստը ինչ-որ հանգստյան համալիրրում կազմակերպելու համար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմենակ Խ.-ն աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ունեն լուրջ կասկածներ, որ հնարավոր է, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Վ. Շահվերդյանի կողմից խաբվածների թիվն անցնի մի քանի տասնյակը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com