Հանրապետության նախագահի պաշտոնը
վայելող Արմեն Սարգսյանին
Դեռ ձիու վրա գտնվող Ն. Փաշինյանին և
Իրենց մասնագիտությունը հարգող
իրավաբաններին
Կներեք, բայց իրավական վակխանալիան կարճ չեղավ նկարագրել….
Տիարք Սարգսյան և Փաշինյան,
Կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը ձեր «գերզբաղված» առօրյայից մի փոքր կտրելու համար: Խնդրելու եմ, որ ժողովրդի մասին մտածելուց ծռված ձեր մեջքը ուղղեք, հպարտ քաղաքացիների խնդիրներից արցունքով լցված ձեր աչքերը բացեք, մի պահ դուրս գաք մեսսինջերից ու լսեք, թե ուր եք դուք ու միլիոններով պարգևավճարներ ստացած ձեր Չիրավաբանները հասցրել երկիրը:
Հիրավի ափսոսանք եմ հայտնում, որ այս թեմա-խայտառակությունն ի բնե ունակ չէ այնքան սրտիկ ու լայք, դիտում ու քոմենթ հավաքել, որքան, եթե ես այստեղ դնեի իմ` ձիուց ընկնելու, ձիու վրա թառելու, զենքով «կռիվ կռիվ» խաղալու և նմանատիպ նկարներ կամ վիդեոներ, բայց… դե լավն էլ դա է, դուք ձեր ռեյԾինգի մասին չեք մտահոգվի ու գուցե ներեք ինձ արձակուրդից վերադարձի ձեր առաջին օրը «հարամելու» համար։
Հիշու՞մ եք այն «սրտառուչ» պայքարը, որ դուք մղում էիք ՍԴ-ի դեմ` մի լավ գովազդված ձրիակերի հորինած ճգնաժամը հաղթահարելու համար: Դե ուրեմն հանգիստ տեղավորվեք բազկաթոռի մեջ ու կարդացեք` ինչ եղավ, երբ «շաքարամանից երկու կտոր ադեկվատ իրավաբան պակասեց» ու ինչպես ստեղծվեց մեծամասշտաբ սահմանադրական ճգնաժամ:
Եվ քանի դեռ աշխարհի «ամենամասնագիտական» սահմանադրական հանձնաժողովը դեպի տիեզերք մի ուղղությամբ տոմս չի գնել թագավորական ընտանիքի հետ նույն օդը շնչած «մեծաշուք» մարդու համար, հիշեցնեմ, որ ինքը ի պաշտոնե մի «թղթի»` ՀՀ Սահմանադրության պահապանն է, ու ստորև նկարագրված իրավիճակի հանգուցալուծման պատասխանատուն։
Կարդալը հեշտացնելու համար կներկայացնեմ իրավական եզրահանգումները, իսկ առանձին լինկով մանրակրկիտ իրավական հիմնավորումները` 13 էջ։
Հղումն այստեղ
1. ՍԴ դատավոր Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ լիազորությունները ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ինչքան էլ ձեզ գժի տեղ դնեք: Հակիրճ` Սահմանադրության` 2020 թվականին փոփոխված 213-րդ հոդվածի 1-ին մասի տառացի վերլուծությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ավարտման և պաշտոնավարումը դադարելու համար առկա է երկու նախապայման.
1) նա պետք է նշանակված լինի մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այսինքն` մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը,
2) մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (2018 թվականի ապրիլի 9-ի դրությամբ), նա պետք է պաշտոնավարած լիներ ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի։ Իսկ հիմա` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ, Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարել է առաջին անգամ 1996-2003 թվականներին /7 տարի 4 ամիս/ և երկրորդ անգամ 2014 թվականից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը /3 տարի 8 ամիս/, ընդհանուր առմամբ` 11 տարի, որը, անգամ Նոր Հայաստանում ավելի քիչ է, քան 12 տարին։ Ուրեմն` Սահմանադրության պահապան անձը պարտավոր է ապահովել տիկին Գյուլումյանի պաշտոնավարման շարունակությունը:
2. Հիշում ե՞ք ձեր սրտի ձրիակերի հորինված «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» տհաս բառախաղը: Ապրեք, դե վայելեք հետևանքները: Ըստ Սահմանադրական փոփոխություններով նախատեսված նոր կարգավորումների` մինչև 2018թ, ապրիլի 9-ը նշանակված ՍԴ անդամները միայն 2020 թվականի հունիսի 26-ից հետո են դիտարկվում որպես ՍԴ դատավորներ։ Այսինքն` մինչ այդ մարդիկ պաշտոնավարել են մի պաշտոնում՝ ՍԴ անդամի, որը ոչ 2015 թվականի Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներում սահմանված չի եղել, ավելին` չնախատեսված այս պաշտոնում պաշտոնավարած անձինք իրականացրել են սահմանադրական արդարադատություն։ Նման պայմաններում ամբողջությամբ ապալեգիտիմացվում են 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև 2020 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնավարած ՍԴ նախագահի և ՍԴ ԲՈԼՈՐ դատավորների գործունեության սահմանադրական հիմքերը, այդ կազմով ընդունված ՍԴ որոշումների իրավաչափությունը, քանի որ ստացվում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը նրանք պաշտոնավարել են ՍԴ անդամի պաշտոնում, որը ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով այլևս նախատեսված չի եղել, ավելին` այս չնախատեսված պաշտոնում պաշտոնավարած անձինք ապահովել են Սահմանադրության գերակայությունը և ընդունել են հարյուրավոր որոշումներ:
3. 2015 թվականի Սահմանադրության 213-րդ հոդվածի երկրորդ նախա¬դա-սությունը սահմանում էր, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար 1. Հանրապետության նախագահը, 2. դատավորների ընդհանուր ժողովը և 3. Կառավարությունը: Սրա հիման վրա կատարվել են 2 առաջադրումներ և ընտրություններ Ա. Դիլանյանի և Վ. Գրիգորյանի: Այս անցումային դրույթը նորովի խմբագրվել է Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով: Սահմանվել են առաջադրման նոր հաջորդականություն`
ա. Կառավարություն, բ. ՀՀ նախագահ, գ. Դատավորների ընդհանուր ժողով:
Այդ նոր հերթականությունը և ժամկետը այս մարդիկ տարածել են…. արդեն եղած անցած` 2018 թվականի ապրիլի 9-ին հաջորդած ժամանակահատվածի վրա: Այսինքն, մեր ինքնահռչակ «իրավաբաններն» այս ՆՈՐ կարգավորումով, հետին թվով ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման արդեն իսկ կիրառած նախորդ կարգավորումից տարբերվող նոր հերթականություն են սահմանել:
Արդյունքը` ձեր սրտի դատավոր Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի առաջադրումը հետին թվով դարձել է հակասահմանադրական, քանզի ստացվում է, որ այս պահին ՍԴ կազմում պաշտոնավարում է Ա. Դիլանյանը, որին առաջադրել է մի սուբյեկտ՝ Դատավորների ընդհանուր ժողովը, որի առաջադրման հերթը չէր, և կա սուբյեկտ՝ Կառավարությունը, որը ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրեր դեռևս 2018 թվականին, սակայն առ այս պահը նրա կողմից առաջադրած ՍԴ դատավոր ՍԴ-ում չկա: Այլ կերպ ասած` երկու դատավորներն էլ իրավունք չունեն լինել ՍԴ-ում, էլ չեմ ասում, որ բոլոր ընդունված որոշումները դարձել են ապօրինի:
4. Այս պահին ՍԴ-ում, գործերի քննության առումով առկա է հետևյալ վիճակը. 8 գործերով քննության ընդհանուր/սկզբնական ժամկետն անցել է, 4 գործերով քննության առավելագույն ժամկետն է անցել, 1 գործով դատաքննության օրը քվորում չի եղել, 16 գործերով նախնական ուսումնասիրություն կատարելու, գործը քննության ընդունելու և փոխկապակցված այլ գործողություններ կատարելու ժամկետն է անցել, 14 գործերով զեկուցող դատավորի փոփոխություն չի իրականացվել և այդ առումով ժամկետ է բաց թողնվել: Գիտե՞ք ինչու չի իրականացվել դատավորի փոփոխություն, բացատրեմ․ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների համաձայն, դատավորներին փոխելու նիստը պիտի տեղի ունենար հունիս 26-ից հետո երեքշաբաթյա ժամկետում: Այսինքն՝ մինչև հուլիս 17-ը այս դատավորները պետք է փոխված լինեին, ուղղակի քանզի ՀՀ նախագահը այն հրաժարվեց ստորագրել, որ չդատվի, այն ստորագրեց ԱԺ նախագահը, այն է` հուլիսի 22-ին: Բայց օրենքում գրված ժամկետը օրենքը ուժի մեջ մտնելու պահին սպառվել էր:
5. Ձեր շարադրանքով ստացվում է, որ մենք այլևս երբեք ՍԴ նախագահ չենք ունենալու, քանզի այնտեղից չի երևում՝ ում է դա վերաբերում, գործող ՍԴ նախագահի՞ն, թե՞ ցանկացած նոր ընտրվողի:
Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ Օրենքը, որոնցով սահմանվում է ՍԴ գործունեության կարգը, նման իրավիճակների համար լուծումներ չեն նախատեսում:
Ամփոփելով` հանդգնում եմ խնդրել պատմության մեջ նախադեպը չունեցող մի բան` գեթ մեկ անգամ զբաղվե՛ք սահմանադրական ճգնաժամով, զբաղվե՛ք ձեր լիազորությունների անմիջական կատարմամբ, մինչև ՍԴ դատավորներ նշանակելը կարգավորե՜ք այս խայտառակությունը, մի քանի օր քրեական ենթամշակույթի դեմ Ձեր կատաղի պայքարը փոխարինեք Ձեր ու ձեր թիմակիցների շրջանում այնքան լայն տարածում ունեցող անգրագիտության, դեռահաս մեծամտության, անմար պատանեկության, մարտնչող տգիտության, լայնածավալ փնթիության ենթամշակույթի, թե կուզեք` անգամ մշակույթի դեմ պայքարով:
Հ.Գ. Նկարում՝ Սալվադոր Դալիի «Մարդկային արատները» շարքից՝ «Ինքնահռչակ հանճարը»։
Արդարադատության նախկին նախարար Ի.գ.թ. թեկնածու, դոցենտ Ա.Հովհաննիսյան