Դատարանը պարտավոր չէ մամուլի ասուլիսների հետևել և որոշակի հետևություններ անել։ Կարող էին նաև դատարանին որոշակի տեղեկություն ներկայացնել, ինչը չի արվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով տուժողների իրավահաջորդների հայտարարություններին և նրանց ներկայացուցիչներին՝ դատական նիստին չներկայանալուն։
Անդրադառնալով Եգորյանի բացակայության հանգամանքին՝ Վարդևանյանը զուգահեռներ անցկացրեց պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության վերաբերյալ դատախազների դիրքորոշմանը՝ նշելով, որ դատախազները նույն տրամաբանությամբ չեն խոսել Եգորյանի բացակայության վերաբերյալ։ Նա չցանկացավ մեկնաբանել տուժող կողմի ներկայացուցիչների գործողությունները, քանի որ մնում է նույն կարծիքին՝ այս քրեական գործով չի կարող լինել տուժող։ Ըստ նրա՝ տուժող պետք է լինի կամ Սահմանադրությունը՝ որպես փաստաթուղթ, կամ 3 մլն բնակչությունը, ինչը չի կարող լինել։ Անդրադառնալով դատախազների՝ նոր պաշտոններ ստանձնելուն՝ Վարդևանյանը նշեց, որ դատախազները փորձառու են, ինչը միայն դրականի մասին է խոսում, սակայն բացասականի մասին ևս հիշեցրեց, մասնավորապես, թե ինչպես էին մեղադրող դատախազները պայքարում ՍԴ որոշման դեմ։
«Սահմանադրական կարգը տապալելու ենթադրյալ քրեական գործի մասով փաստ ունենք՝ մի տարի է, ինչ տապալվել է ՍԴ որոշումը՝ անձեռնմխելիության վերաբերյալ»,- ասաց Վարդևանյանը՝ հիշեցնելով նաև հանգամանքները, որ 2018-2019թթ բոլոր այն անձինք, ովքեր ինչ- որ կերպ առնչվում էին Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործով, նույնիսկ քննիչները, պարգևների են արժանացել։