Երիտասարդ գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ ժամկետ նշելով մինչև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Որոշման մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Այս պահից սկսած գտնվում եմ հացադուլի մեջ, մինչև այն պահը, երբ ազգադավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա…
Չի կարելի խեղաթյուրել երեխայի հոգեբանությունը, քանզի երեխաները վաղվա Հայոց պետականության կերտողներն են, իսկ Արայիկի նմանները դժվար հասկանան այդ պարզագույն օրինաչափությունը, Արայիկին վաղուց կուրացրել է հարմարավետ աթոռների գրկաբաց կոմֆորտը…
Լավ է մեռնեմ քան տեսնեմ, թե ինչպես են հայոց կրթօջախներում սեռական դաստիարակություն դասավանդում մեր անաղարտ երեխաներին, լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են մոռացության թանգարան ուղարկում Հայոց Եկեղեցու պատմության առարկան և փոխարենը ներառում թուրքահպատակ կրթական չափորոշիչներ:
Ժետոնդ պինդ բռնիր Արայիկ, հաջորդ կայարանդ հրաժարական, ու թե պետք լինի՝ ցմահ կմնամ հացադուլի մեջ, բայց դու հրաժարական կտաս», – գրել է նա՝ կից հրապարակելով իր և Արայիկ Հարությունյանի համատեղ լուսանկարը: Ապա, որպես հետգրություն, անդրադառնալով լուսանկարին՝ պարզաբանել է.
«Հ.Գ. Երբ երկու տարի առաջ նկարվում էի սրա հետ, դեռ չգիտեի, որ սրա քիթը էնքան մեծ է, որ խանգարում է իրեն տեսնելու հավերժահաղթ Մասիսը»: