Ադրբեջանում հայտնված սպային առևանգե՞լ են. դեպքերն այլ ընթացք են ստանում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում հայտնված սպային առևանգե՞լ են. դեպքերն այլ ընթացք են ստանում. armeniasputnik.am

Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքով քրեական գործ է հարուցվել։ Դատախազության հանրային կապերի բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դատախազության որոշումն իր սրտով է, քանի որ վաղուց էր ասում` հայ զինծառայողներն իրենց քաջ հայտնի վայրերում չեն մոլորվի։

Ալավերդյանը հիշեցրեց` մեր ձեռքի տակ կա 2004թ.-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ կապված ՄԻԵԴ–ի որոշումը, ըստ որի` Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածը (խտրականության արգելք, այսինքն` էթնիկ ատելության հողի վրա կատարված սպանություն)։ Պետք է առաջնորդվել այս որոշմամբ ու մեր հետագա քայլերն էլ իրականացնել սրանից բխող հետևություններ անելով։

«Հիմա մենք մեկ անելիք ունենք. բոլոր հնարավոր հարթակներով` պատգամավորներ, դիվանագիտական մեթոդներ, կառավարություն և հասարակական կազմակերպություններ պետք է միջազգային հարթակներում բարձրացնենք այս խնդիրը։ Պետք է շեշտադրենք, որ Ադրբեջանը հայ սպային առևանգել է նրա էթնիկ պատկանելությունից ելնելով»,–ասաց Ալավերդյանը` հավելելով, որ այս հարցը պետք է դառնա քաղաքական օրակարգի խնդիր` մինչև կհասնենք նրան, որ սանկցիաներ կկիրառվեն Ադրբեջանի դեմ։

Ալավերդյանը նշեց, որ Գուրգեն Ալավերդյանի առևանգմամբ Ադրբեջանը, փաստորեն, ոչ թե ոտնահարում է միջազգային մարդասիրական նորմերը, այլ իրեն հակադրում է դրանց։ Ադրբեջանի պահվածքի մասին անհրաժեշտ է բարձրաձայնել, օրինակ, ԵԱՀԿ–ում, Մարդու իրավունքներով կամ էթնիկական պատկանելիությամբ խտրականության դրսևորումներով զբաղվող հանձնաժողովներում։

Ալավերդյանը վստահ է` Ադրբեջանը նման քայլի է դիմում, որպեսզի իր մարդասպաններին` 2014 թվականին Արցախի տարածքում 2 մարդու սպանության համար կալանավորված Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին փոխանակման միջոցով փորձի հետ վերադարձնի։

Սակայն առաջին հերթին, ըստ Ալավերդյանի, պետք է հասնել նրան, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն այցելեն Ադրբեջանում պահվող Գուրգեն Ալավերդյանին։ Եթե միջազգային կառույցին դա կազմակերպել չի հաջողվում, ըստ իրավապաշտպանի, ապա Հայաստանը պետք է փորձի այլ` երրորդ երկրի միջոցով Ադրբեջանի վրա ներգործություն ունենալ և կազմակերպել այդ տեսակցությունը։

«Միջազգային կառույցը չի կարող հրամայել, նա միայն թույլտվություն պետք է ստանա, իսկ Ադրբեջանը չարամտորեն չի համաձայնում, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցեն հայ սպային»,–ասաց Ալավերդյանը։ Իրավապաշտպանը կարծում է, որ Ադրբեջանն այս ժամանակն օգտագործում է Ալավերդյանի վրա հոգեբանորեն ազդեցություն կիրառելու համար։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։ Sputnik Արմենիան այցելել էր Ալավերդյանի կնոջ տուն, որը վստահեցրել էր` ամուսինը երբեք նման ցանկություն չէր հայտնի։

armeniasputnik.am