Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում ակտիվացել է Արցախը որպես տարբեր ահաբեկչական կազմակերպությունների, խմբավորումների տեղակայման վայր ներկայացնելու վերաբերյալ կեղծ լուրերը։
Այս ամենի հետևում նկատելի է նաև «Թուրքիայի մեծ ականջները»։
Տարբեր ժամանակներում այս թեման առաջ է հրվել, փորձ է արվել Արցախը ներկայացնելու նաև որպես անօրինական զենքի, թմրամիջոցների շրջանառման տարածք:
Ադրբեջանի հիմնական նպատակներից է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը հիմնավորել որպես «պայքար ահաբեկչության, թմրամիջոցների դեմ և այլն»։
Այս թեմայի ակտիվացումը նաև մեկ այլ պատճառ ունի։ Տավուշյան մարտական գործողությունների օրերին և դրանից հետո,արտերկրի տարբեր լրատվամիջոցներ հոդվածներ էին հրապարակում Թուրքիայի՝ տարբեր ծայրահեղական խմբավորումների զինյալներ հավաքագրելու գործընթացի մասին, որի նպատակը վերջիններիս Հարավային կովկաս փոխադրումն է։
Հատկանշական է, որ այս մասին իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է նաև Հայաստանի ԱԳ նախարարը։
Ըստ այդ սցենարի, նախատեսվում է, որ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում, տարբեր ահաբեկչական խմբավորումներից հավաքագրված համահավաք ստորաբաժանումները ևս մարտի են նետելու և աջակցելու են ադրբեջանական զինուժի գործողություններին։
Արցախի ու Հայաստանի մասին կեղծ լուրեր շրջանառելով, ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են «խլացնել» իրենց դեմ ուղղված լրատվական հոսքերը և քողարկել այն ամենն ինչ իրականում իրենք են անում։
Այն, որ Թուրքիան ավելի մեծ մասնակցություն և դերակատարություն է ունենալու ռազմական գործողությունների վերսկսման հաջորդ փուլում արդեն իսկ կասկած չի հարուցում։
Դա պարզորոշ երևում է այդ երկրի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և Ադրբեջանին հատկացվող աջակցության էական մեծացումից, իսկ թե Թուրքիայի մասնակցությունը ինչ ծավալներով և ինչ ձևով կդրսևորվի կոնկրետ մարտական գործողությունների ընթացքում, դժվար է միանշանակորեն ասել։
Տիգրան Աբրահամյանի էջից: