Հայկական կողմն ամրապնդել է դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս. Տավուշի մարզպետ
Advertisement 1000 x 90

Հայկական կողմն ամրապնդել է դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս. Տավուշի մարզպետ

Հուլիսյան դեպքերից հետո հայ–ադրբեջանական սահմանին նկատվում է հակառակորդի ակտիվություն։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին։

«Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին 1-1.5 տարին, հարաբերական անդորր էր սահմանին։ Սակայն վերջին իրադարձություններն էական փոփոխություն են նախորդ իրավիճակի համեմատ»,-ասաց Չոբանյանը։

Նրա խոսքով` սա պայմանավորված է այն արդյունքներով, որ մեր զինված ուժերն արձանագրեցին հուլիսյան դեպքերի ժամանակ։ Ըստ էության, ըստ մարզպետի, հայկական կողմն ամրապնդել է սահմանի վրա իր դիրքերն, ինչը հակառակորդին դուր չի գալիս։

Չոբանյանը նշեց, որ այս ամենը հայկական կողմի վրա շատ թանկ է նստում. վկան՝ օրերս սահմանին հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողն է։

Մարզպետն ընդգծեց` դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, քանի որ մարդկային կյանքը բարձրագույն արժեք է։ Ուստի, մարզպետի խոսքով, պետք է և՛ ինժեներական, և՛ տեխնոլոգիական առումով ամեն ինչ անել, որպեսզի զինվորների կյանքին վտանգ չսպառնա։