ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ դատարանի որոշմանը։ Նա մասնավորապես նշել է, որ միջնորդությունից 3․5 ամիս անց, երբ հարցաքննվել են հնարավոր և անհնար բոլոր անձինք, դատարանում հարց է հնչեցվել՝ արդյո՞ք մեղադրող կողմն ունի գեթ մեկ տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը քրեական գործի ընթացքին խոչընդոտել է, մեղադրող կողմն ասել է՝ չունեն, և ըստ նրա՝սա այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքական պատվիրատուներ չունեցող «անկախ» դատարանի մասին։ Իսայանի գրառումը՝ստորև․
«Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը
Ցայսօր «Արժեք-Կոստյում» գոյամարտում Կոստյումը մշտապես հաղթանակ է տանում: Պարզապես Կոստյումի մեջ խցկվածների ամեն հաղթանակ բարոյական ևս մեկ կործանում է մի ողջ ազգի համար:
Երբ ոտքերդ սրբում ես պետական ինստիտուտների վրա՝ հերթական անգամ դրանք դարձնելով կեղծ Մեսիայի անձնական վախերի փարատման քավարան, պետք է հիշես, թե ժողովուրդները վերջում ինչպես են ինքնամաքրվում կեղծ մեսիաներից:
Հ.Գ. Միջնորդությունից 3,5 ամիս անց, երբ հարցաքննվել են հնարավոր և անհնար բոլոր անձինք, դատարանում հարց է հնչեցվել՝ արդյո՞ք մեղադրող կողմն ունի գեթ մեկ տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը քրեական գործի ընթացքին խոչընդոտել է, մեղադրող կողմն էլ ասել է, որ չունեն…
Ահա՛ այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքական պատվիրատուներ չունեցող «անկախ» դատարանի և այլևս նոր իշխանությունների պարծանք Մացոյի մասին»։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց։