Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին է ուղարկել հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։
«Խորհրդին հատուկ հաղորդում ներկայացրի երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ»,–նշված է հայտարարության մեջ:
Թաթոյանը հայտնել է նաև, որ սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Նրա խոսքով՝ հաղորդման մեջ ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Բացի այդ, եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները: