«Թուրքիան ունի խնդիր, որի լուծումը տարածաշրջանում հայկական գործոնը ֆիզիկապես վերացնելն է»․ Հարություն Մեսրոբյան. ankakh.com
Advertisement 1000 x 90

«Թուրքիան ունի խնդիր, որի լուծումը տարածաշրջանում հայկական գործոնը ֆիզիկապես վերացնելն է»․ Հարություն Մեսրոբյան. ankakh.com

Անկախ-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց ոչ միայն Արցախի Հանրապետության ողջ երկայնքով, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ինչո՞վ է այս իրավիճակը տարբերվում Արցախյան հակամարտության պատմության մյուս սրացումներից և ի՞նչ հետևանքներ այն կարող է առաջացնել մեր երկրում և առհասարակ՝ տարածաշրջանում։

-Թե՛ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում, թե՛ իմ ֆեյսբուքյան էջում ես պարբերաբար մատնանշել եմ Արցախյան ազատամարտի խորքային դրդապատճառները։ Կա մի պարզ իրողություն, որը մի կողմից խորքային է, մյուս կողմից՝ պատմականորեն շատ հստակ։ Թուրքիան, հատկապես վերջին մի քանի տասնամյակներում, կարելի է ասել, ռազմավարական իմաստով գլուխ է բարձրացնում, և իր կարևորագույն շարժիչ ուժը «Մեծ Թուրանի» գաղափարն է, որն այսօր Էրդողանը բավականին հետևողականորեն առաջ է տանում։ «Մեծ Թուրանի» գաղափարը շատ պարզ է՝ կոնսոլիդացնել թուրքական աշխարհը։ Եվ եթե դուք քարտեզին նայեք, ապա կտեսնեք, որ Թուրքիան, որն այդ գաղափարի լոկոմոտիվն է, ունի մի մահացու վտանգ․ այն կտրված է «Մեծ Թուրանի» մարմնից՝ Ադրբեջանից մինչև ույգուրներ, որոնք բնակվում են Չինաստանում։ Եվ կտրողը պատմականորեն ու աշխարհագրորեն Հայաստանն է, հիմա արդեն՝ ներառյալ Արցախը։

Մինչև Արցախյան պատերազմը «Մեծ Թուրան» գլուխը մարմնից բաժանող ամենանեղ հատվածը հասել էր 40 կմ-ի, որը գտնվում էր Մեղրիի շրջանում։ Արցախյան պատերազմի հաղթանակից հետո այդ ջրբաժանը հասավ մի քանի հարյուր կմ-ի։ Այսինքն, «Մեծ Թուրանի» գաղափարն է՛լ ավելի վտանգվեց, և Թուրքիան 5-6 անգամ հեռացավ այդ մարմնից։ Դրա համար Թուրքիան գնաց 2 ճանապարհով՝ մեկը ժամանակավոր, մյուսը՝ հիմնարար։

Ժամանակավոր ճանապարհն է՝ օգտագործել Վրաստանի տարածքը։ Այստեղ նա, փաստորեն, տիրացավ Աջարիային թուրքական կապիտալի միջոցով։ Նաև սկսեց ակտիվացնել Վրաստանի հարավում ապրող ադրբեջանական բնակչությանը։ Եվ այսօր Վրաստանի հարավային շրջանում իշխում է թուրքական կապիտալը։ Այսիքն, Թուրքիան Վրաստանի միջոցով ստեղծեց ժամանակավոր միջանցք, որը կապեց Թուրքիան Ադրբեջանի և մնացած թուրքական աշխարհի հետ։ Հիշենք միայն «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի կառուցումը և շահագործումը:

2008 թվականի ռուս-վրացական սրացման ժամանակ Թուրքիան տեսավ, որ Ռուսաստանը մեկ քայլով կարող է հասնել Թբիլիսի և հասկացավ, որ այդ ժամանակավոր ճանապարհը հուսալի չէ։ Դրա համար Թուրքիան սկսեց մտածել հարցի հիմնական լուծման մասին։ Եվ հարցի հիմնական լուծումը տարածաշրջանում հայկական գործոնը ֆիզիկապես վերացնելն է։ Կրկնում եմ՝ ֆիզիկապես:

Դա նշանակում է հերթականությամբ գրավել մեր ազատագրած տարածքները, վերացնել Արցախը որպես պետություն, գրավել Զանգեզուրը և աշխարհագրորեն միավորվել թուրքական աշխարհի հետ։ Միայն դրանից հետո «Մեծ Թուրանի» գլուխը կմիանա մարմնին։ Այս պայմաններում վերջնականապես վերացնել Հայաստանն ամբողջությամբ՝ տեխնիկական հարց է:

Ի դեպ, նման փորձ կատարվեց 1920 թվականի դեկտեմբերի 3-ին Ալեքսանդրոպոլյան պայմանագրի շրջանակներում, երբ Հայաստանին մնում էր 10 հազար քառակուսի կմ տարածք Գեղարքունիքի հատվածում։ Սակայն այդ ծրագիրը վիժեցվեց մի քանի հանգամանքների ազդեցությամբ, նաև Նժդեհի շնորհիվ, որը պահեց Զանգեզուրը։

Հետևաբար, ամփոփելով՝ պետք է ընդգծեմ, որ Արցախյան հակամարտության հարցում փոխզիջումների մասին խոսելը կամ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն առաջ քաշելը պարզապես ազգային դավաճանություն է։

-Հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է վերջին զարգացումներում Ռուսաստանի վարքագիծը։ Շատերը նշում են, որ Ռուսաստանը կարող է կասեցնել դեպքերի զարգացումը, սակայն հապաղում է։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դերակատարում կարող է այս գործընթացում ունենալ Ռուսաստանը, եթե հաշվի առնենք, որ ծավալվող իրադարձությունները դիտարկվում են նաև ռուս-թուրքական բախման համատեքստում։

Ռուս-թուրքական բախումն արդեն մի քանի դարի պատմություն ունի, այն նոր չէ և ըստ էության՝ ավարտված չէ։ Քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, «Մեծ Թուրանի»  գաղափարն այս ժամանակահատվածում ներկայումս ձեռնտու է նաև ՆԱՏՕ-ին, առավել ևս, որ «Մեծ Թուրանը» կոտրում է Ռուսաստանի ազդեցությունը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում։ Մյուս կողմից, 2018 թվականի հայաստանյան իրադարձությունները որոշակի լարվածություն են առաջացրել Ռուսաստանում այն առումով, որ Հայաստանում իշխանության են եկել արևմտամետ ուժեր։ Այս երկու գործոնները, նաև մի քանի այլ գործոններ բերում են այն խաբուսիկ իրավիճակին, որ կարծես թե Ռուսաստանը չի կողմնորոշվում ինչ անել։ Սակայն վաղ թե ուշ այդ թնջուկը կբացվի, հատկապես, որ Ռուսաստանում, տարբեր կարծիքների կողքին, ավելանում է նաև այն մտահոգությունը, որ Թուրքիան ուզում է կոտրել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, որտեղ Թուրքիան ունի մեծ շահագրգռվածություն թե՛ Իրանի, թե՛ Իրաքի, թե՛  Սիրիայի և թե՛ Լիբանանի առումով։ Իսկ որ Ռուսաստանը դրան դիմադրում է, ցույց տվեց, թեկուզև ուշացած, նրա ակտիվ միջամտությունը սիրիական ճգնաժամին:

Հիմա նաև տարածվում է այն գաղափարը, որ Թուրքիան ուզում է վերականգնել Օսմանյան կայսրոթյունը, ինչը մտահոգում է նաև Արաբական աշխարհին։

Ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանում հաղթի կայսերական մտածելակերպը, ապա Ռուսաստանը գործնական քայլեր կձեռնարկի այս սրացման հետևանքները կանխելու ուղղությամբ։

Նաև հիշենք, որ սեպտեմբերի 27-ի սրացումը սկսվեց անմիջապես հետո, երբ ավարտվեցին թուրք-ադրբեջանական զորավարժությունները, և այսօր որոշ թուրքական ստորաբաժանումներ գտնվում են առնվազն Նախիջևանի տարածքում։

Ամբողջությամբ՝ ankakh.com



Նման նյութեր