Հրապարակ թերթի լրագրող Վահե Մակարյանն իր էջում անդրադարձել է hraparak.am-ի հրապարակմանը, մասնավորապես նշելով.
«Ինքս իմ հարցին պատասխանեմ՝ այո, վարչապետին ամեն ինչ կարելի է, ամեն-ամեն ինչ, այդ թվում՝ պատերազմ, զոհեր, 18-20 տարեկանների մսաղաց, հարաբերություններ փչացնել բոլորի ու ամենքի հետ, հետո ուղիղ եթերով մարտակոչ անել ու բացահայտ հայտարարել զինվորականների քանակի ու նրանց հավաքակայանի մասին տվյալները, հետո լրատվականներին խնդրել-աղաչել, որ հանկարծ չգան և չլուսաբանեն այդ հավաքը, բայց իրենք գնան ու լուսաբանեն այն, որովհետև Աշոտիկն էր մեկնում «ռազմաճակատ», որտեղ, ով հրաշք, հանկարծ պարզվեց՝ արդեն հրադադար է․․․ մի խոսքով, էս նյութը իզուր եմ գրել, որովհետև ես իմ հնչեցրած հարցերի պատասխանը, ցավոք, գիտեի»։
Ստորև՝ Վահե Մակարյանի հոդվածը:
Իսկ վարչապետին կարելի՞ է տեղանքի ու քանակի մասին տվյալներ հաղորդել
ՊՆ-ն մի քանի օր է՝ հանրությանը կոչ է անում հեռախոսային խոսակցություններում եւ համացանցում տեղանքի, մարդկանց, առավել եւս՝ զինվորների քանակի եւ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չհաղորդել։ Եվ հանրությունը, մեծ հաշվով ու բարեբախտաբար, ականջալուր է լինում ՊՆ-ի հորդորներին։ Բայց, ահա, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, թեպետ Սահմանադրությունը մի քիչ այլ բան է ասում, ֆեյսբուքյան «լայվի» միջոցով, տրամադրությունը՝ բարձր, համենայնդեպս՝ դեմքին ժպիտ, մարտակոչով հանդես եկավ՝ հայտարարելով, որ նոր զորացրվածները պետք է գնան կենտրոնական զինվորական հավաքակայան եւ զինվորագրվեն՝ մեկնելու ռազմաճակատ։ Եվ այդ նույն «լայվի» ընթացքում մանրամասն նկարագրում էր՝ որտեղ է գտնվում կենտրոնական հավաքակայանը, խոսում էր զորացրվածների քանակի մասին եւ այլ ռազմավարական նշանակության տվյալներ հաղորդում։ Սա արդեն շատերի մոտ անհանգստություն է առաջացնում, թե արդյոք վարչապետի այս «լայվից» ու հաղորդած տվյալներից չի՞ օգտվի թշնամին, եւ արդյոք այլ քաղաքացիների կողմից նույն կարգի տվյալների հաղորդումը չէ՞ր դիտվի որպես թշնամուն օժանդակություն։ Փորձեցինք ԱԱԾ-ից ստանալ մեր հարցի պատասխանը, թե վարչապետի հայտարարություններն իրենց մեջ ազգային անվտանգության խնդիր պարունակո՞ւմ են։ Սակայն ԱԱԾ-ն, իր սովորության համաձայն, մեր հարցին որոշեց արձագանքել «ամենաօպերատիվ» տարբերակով՝ առաջարկեց հարցը գրավոր ձեւակերպել՝ կպատասխանեն։ Թե երբ՝ հայտնի չէ։
Նույն հարցն ուղղեցինք նաեւ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին, ով ամենաակտիվն է հորդորում՝ բաց կապով կամ հրապարակավ նման տվյալներ չհաղորդել։
– Վարչապետը «լայվով» կենտրոնական հավաքակայանի տեղի եւ ռազմական նշանակության այլ տվյալներ հաղորդեց, ուստի մեր ընթերցողներին հետաքրքրում է՝ այստեղ ռազմական եւ ազգային անվտանգության խնդիր չի՞ կարող առաջանալ։
– Վահե ջան, էդ հարցը պիտի ի՞նձ տայիք։
– Իսկ ո՞ւմ տամ, Դուք եք կոչ անում, որ մարդիկ եւ հատկապես լրատվամիջոցները, հրապարակավ նման տվյալներ չհայտարարեն։
– Գերագույն գլխավոր հրամանատարն ինչ որ հայտարարում է, ինքը գիտի՝ ինչ է հայտարարում։
– Այսինքն՝ ՊՆ-ի հետ համաձայնեցվա՞ծ էր դա, Դուք գիտեի՞ք, թե ինչ էր խոսելու, նորմա՞լ է այն, ինչ ասել է։
– Ես նորից եմ ասում՝ գլխավոր հրամանատարն ինչ որ հայտարարում է, գիտի՝ ինչ է հայտարարում։ Ես չեմ մեկնաբանում իր հայտարարությունները։
– Իսկ եթե գերագույն գլխավոր հրամանատարի փոխարեն, ինչպես Դուք եք ասում, նույն տվյալները ես կամ որեւէ մեկ ուրիշը հայտներ՝ ի լուր աշխարհի, խնդիր կառաջանա՞ր, թե՞ ոչ։
– Դե, դու եւ ինքը չեք կարող համեմատվել ոչ մի առումով։
– Բարեբախտաբար, չեմ կարող համեմատվել, ես ինֆորմացիոն առումով նկատի ունեմ։
– Ավելի բան մի ուզիր, էլի, ախպոր պես։
Ինքս իմ հարցին պատասխանեմ՝ այո, վարչապետին ամեն ինչ կարելի է, ամեն-ամեն ինչ, այդ թվում՝ պատերազմ, զոհեր, 18-20…
Gepostet von Vahe Makaryan am Dienstag, 6. Oktober 2020