Պատերազմի ավարտից հետո անխուսափելի բանավեճեր, ինչպես նաև սպեկուլյացիաներ են սկսվելու այս հարցի շուրջ
Advertisement 1000 x 90

Պատերազմի ավարտից հետո անխուսափելի բանավեճեր, ինչպես նաև սպեկուլյացիաներ են սկսվելու այս հարցի շուրջ

Ի՞նչ է հաղթանակը:

Պատերազմի ավարտից հետո անխուսափելի բանավեճեր, ինչպես նաև սպեկուլյացիաներ են սկսվելու այս հարցի շուրջ: Նույնիսկ 1994-ի հաղթանակն իր ժամանակին վեճերի առիթ էր դարձել: Էլ չասած 2016-ի մասին:

Զգուշացնեմ, որ այս հարցի պատասխանն իմանալու համար՝ հնարավոր չէ խուսափել շարադրանքում որոշակի գիտական-ակադեմիական տարրերի ներառումից: Այնպես որ, պետք է համբերություն ու ուշադրություն:

Ցավոք, Հայաստանում, նույնիսկ կրթված խավի մեծ մասն, անտեղյակ է ռազմագիտության տարրական գիտելիքներից իսկ: Հաղթանակի հարցում ճնշող մեծամասնության պատկերացումները ձևավորված են սովետական կռիվ-կռիվ կինոների մասին մանկապատանեկան հուշերից:

Հաղթնակի խնդիրը դրվել և մանրամասն վերլուծվել նախ՝ 19-րդ դարի գերմանական, մասամբ էլ ֆրանսիական ռազմական տեսաբանների կողմից՝ ֆոն Բյոլով, Կլաուզեվից, էրցհերցոգ Կարլ, Ժոմինի, ֆոն Մոլտկե, ֆոն Շլիֆֆեն և այլք: Այդ վերլուծությունները ցայսօր չի հնացել: (Եվ նույնիսկ հակառակը՝ այսօր անգլիալեզու ռազմագիտական գրականութան մեջ Կլաուզեվիցի և մյուսների նկատմամբ հետաքրքրության ռենեսանս է՝ տասնյակներով գրքեր են հրապարկվում):

20-րդ դարում սրա հիմնմամբ թեման զարգացրել են անգլիական, ռուսական և ամերիկյան հեղինակները՝ Ֆուլեր, Լիդել Հարթ և շատ այլք: Ես կշարադրեմ ոչ թե մեջբերումներով, այլ ամփոփելով իմ իմացածի չափով՝ այս հեղինակների սահմանումների հիմնմամբ, որոնց մեծ մասի գործերը կարդացել եմ:

Հասկանալու համար ի՛նչ է հաղթանակը, պետք է հասկանալ՝ ի՛նչ է պատերազմը, և ո՛ր կա պատերազմների տիպաբանություն, այսինքն՝ տարբեր տիպի պատերազմներ:

Գնանք հերթով:

  1. Պատերազմը քաղաքականության գործիքն է: Երբ հնարավոր չի համարվում որևէ խնդիր լուծել խաղաղ ճանապարհներով, դիմում են ծայրահեղ գործիքի՝ պատերազմի:

Պատերազմի նպատակները քաղաքական են:

Այսինքն՝ պատերազմն ինքնաբավ երևույթ չէ, այլ գործիքային է: Կոչված է լուծել ոչ թե ինքն իր, այլ իրեն որպես գործիք օգտագործող քաղաքանության նպատակները:

Յուրաքանչյուր պատերազմ նախ ունի իր քաղաքական նպատակը: Ի՞նչ քաղաքական արդյունքի են ուզում հասնել տվյալ պատերազմով:

Հետևաբար, հաղթանակն իր առաջին և գլխավոր իմաստով՝ պատերազմի քաղաքական նպատակին հասնել-չհասնելու հարցն է:

Նպատակը կարող է լուծվել ամբողջապես, մասամբ կամ ընդհանրապես չլուծվել:

Ուրեմն, հիշենք՝ հաղթանակը նախ քաղաքական նպատակին հասնելն է:

Ուրեմն, դատելու համար հաղթանակի մասին, պետք է նախ իմանալ կամ վերլուծելով՝ հասկանալ պատերազմի քաղաքական նպատակը:

Այս նույն սահմանումն այլ կերպ կարելի է ներկայացնել այսպես՝ պատերազմի նպատակն է այնպիսի խաղաղության հաստատումը, որը ձեռնտու է մեզ, և ձեռնտու չէ թշնամուն (առաջինը սա սահմանել է ֆոն Բյուլովը):

  1. Հաղթանակը զուտ ռազմական իմաստով:

Սա արդեն ենթակա է առաջինին՝ քաղաքականին:

Այստեղ կարելի է առանձնեցնել երկու մոտեցում:

Առաջինը Կլաուզեվիցն ու իր դպրոցն է: Դա ռազմական հաղթանակը սահմանում է որպես հակառակորդի բանակի ոչնչացում, այսինքն՝ դրա դիմադրողականության կոտրում՝ ֆիզիկական և հոգեբանական իմաստով: Այս մոտեցման համար, որը հիմնված է Նապոլեոնյան պատերազմների փորձի վրա կարևոր ճակատամարն է՝ բանակների բախումը, և երկրոդական են տարածքային խնդիրները:

Մյուս մոտեցումը անուղղակի գործողությունների կողմնակիցների մոտեցումն է՝ ֆոն Բյուլովից մինչև Լիդել Հարթ:

Սրանք համարում են, որ կարելի է հաղթանակի հասնել՝ խուսափելով մեծ ճակատամարտերից՝ հարվածներ հասցնելով թշնամու թիկունքին և այլն: Բայց մեծ հաշվով այստեղ էլ իմաստ նույնն է՝ թշնամու դիմադրողականության կոտրումը: Պարզապես այստեղ թշնամու բանակը շարքից հանվում է ոչ թե ուղիղ հարվածով, այլ նրա թիկունքի, հենարանի, բազային ուղղված հարվածներով:

Հետևաբար, ռազմական իմաստով հաղթանակը՝ թշնամու բանակի դիմադրողականության ոչնչացումն է:

  1. Պատերազմները լինում են բացարձակ և սահմանափակ նպատակներով:

Բացարձակ նպատակը՝ թշնամի պետության ի սպառ ոչնչացումն է, ծնկի բերելն է, անվերապահ կապիտուլյացիան է: Նման պատերազմները բացառություն են պատմության մեջ, բայց հիմնականում դրանք են մնում հիշողության մեջ:

Պատերազմների մեծ մասը սահմանափակ նպատակներով պատերազմներն են: Այստեղ խնդիրը ոչ թե թշնամի պետության ոչնչացումն է, այլ նրան այնպիսի կորուստներ պատճառելը, որ դրանց համեմատ նա այլևս անիմաստ համարի դիմադրությունը կամ էլ այն նպատակները, որոնց ուզում է հասնել: Այսինքն՝ վճարվող գինն ավելի թանկ դառնա քան նպատակը, որի համար կռվում են:

Պարզ է, որ բացարձակ նպատակներով, և սահմանափակ նպատակներով պատերազմների հաղթանակները տարբեր են:

Մեկի դեպքում թշնամի պետությունը կամ ռեժիմը պարզապես վերանում են, մյուս դեպքում՝ կնքվում է խաղաղության պայմանագիր (հրադադարի մասին չէ խոսքը, այլ հենց խաղաղության լիարժեք):

Ընդ որում՝ սահմանափակ նպատակներով պատերազմների անվերջ բազմազանություն կա՝ սկսած լայնածավալից մինչև դիրքային կռիվ: Առանձին էլ պետք է դիտարկել պարտիզանական և այլ փոքր ինտենսիվության պատերազմները:

  1. Պատերազմները լինում են պաշպանական և հարձակվողական:

Համապատասխանաբար տարբերվում են և հաղթանակները:

Ուրեմն ունենք հաղթանակի սահմանումների հետևյալ աստիճանակարգ:

  1. Հաղթանակը՝ թշնամու քաղաքական նպատակի ձախողումն է, եթե պաշտպանվում ես, և սեփական քաղաքական նպատակի իրացումն է, եթե նախառեռնողն ես:
  2. Հաղթանակը թշնամու զինված ուժի և ընդհանրապես դիմադրողականության ոչնչացումն է կամ կոտրումը:
  3. Հաղթանակը կարող է լինել բացարձակ և սահմանափակ:
  4. Հաղթանակը կարող է լինել պաշտպանական և հարձակողական:

Որքան էլ ստպիողական բարդ ստացվեց շարադրանքս, անհրաժեշտ է սրանք իմանալ և հիշել՝ անգրագետ որակուններից, ինչպես և քարոզչական մանիպուլյացիներից հնարավորինս պաշտպանված լինելու համար:

Հրանտ Տէր-Աբրահամեանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ է հաղթանակը: Պատերազմի ավարտից հետո անխուսափելի բանավեճեր, ինչպես նաև սպեկուլյացիաներ են սկսվելու այս հարցի…

Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Dienstag, 6. Oktober 2020



Նման նյութեր