Նիդերլանդական De Volkskrant թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ կովկասյան փորձագետներից քչերն են կասկածում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է սկսել պատերազմը: Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը բռնատիրություն է, և վերջին 20 տարվա ընթացքում հարստացրել է իր զինանոցը ամենաժամանակակից զինտեխնիկայով:
Հոդվածը կրում է «30 տարվա ընթացքում Ադրբեջանում քիչ բան է փոխվել» խորագիրը:
De Volkskrant թերթում հրապարակված հոդվածը.
«Ենթադրենք, 1993 թ.-ին կոմայի մեջ գտնվող մեկն արթնանում է 2020թ.-ի հոկտեմբերին: Նա միացնում է հեռուստացույցը և տեսնում, որ պատերազմ է մղվում Լեռնային Ղարաբաղում, իսկ Ադրբեջանի ղեկավարի ազգանունն Ալիև է: Նա ինքնաբերաբար կբացականչի. «Այս աշխարհում երբեք ոչինչ չի փոխվում»:
Այսօր Ադրբեջանը գլխավորող Ալիևի անունն Իլհամ է: Նախկինում երկիրը ղեկավարած Ալիևի անունը՝ Հեյդար: Առաջին Ալիևը Խորհրդային միության զավակ էր՝ համեստ ծագումով, աշխատասեր, ԿԳԲ-ի կարիերայով, 1969 թվականից՝ խորհրդային Ադրբեջանի ղեկավար: Խորհրդային միության փլուզումից հետո նա նորից բացահայտեց իրեն՝ որպես ազգայնամոլ և կապիտալիստ: 2003 թ․-ին՝ մահվան ճիրաններում, նա Ադրբեջանը հանձնեց որդուն՝ Իլհամին:
Շատերը գիտեին, որ Ադրբեջանը նրան է մատուցվել սկուտեղի վրա: Հայր Ալիևը 1994 թ.-ին զինադադար էր կնքել Հայաստանի հետ՝ դադարեցնելով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածքում հայկական անկլավի շուրջ ծագած պատերազմը: Այնուհետև, նրան հաջողվեց ֆինանսական հոսքեր ապահովել՝ վաճառելով Ադրբեջանի նավթային հարստությունը:
Վերջիվերջո, տասը տարվա ընթացքում նախկին ԽՍՀՄ հանրապետությունն աճեց Ծոցի արաբական նավթային պետությունների մակարդակի: Կրտսեր Ալիևն իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում: Նա կարող էր իրեն թույլ տալ իր երազած ճոխություններն ու վայելքները, այդ թվում նաև՝ Եվրատեսիլ երգի մրցույթի անցկացումն իր երկրում: Նրա կինը թակում էր պլաստիկ վիրաբույժների դռները, ավագ դուստրն ունի իր սեփական ամսագիրը:
Միջազգային հանրությունը կրտսեր Ալիևին տեսնում էր՝ որպես իրատես, տարածաշրջանում չափավոր ազդեցություն ունեցող մեկի: Human Rights Watch (իրավապաշտպան) կազմակերպությունը քննադատում էր Ալիևին՝ ընդդիմախոսներին բանտարկելու, հալածելու համար, սակայն միաժամանակ նա ցանկալի հյուր էր՝ թե՛ Մոսկվայի և թե՛ Բրյուսելի համար:
Նրա կապերը Եվրոպայում թույլ տվեցին, որ ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ քնած սպային կացնահարելով սպանած ադրբեջանցի սպան իր պատիժը կրելու ընթացքում տեղափոխվի Ադրբեջան: Դեռ Բաքու չհասած՝ երիտասարդ սպան արժանացավ ազգային հերոսի կոչման:
Շատերը միայն այդ ժամանակ պարզեցին, որ Եվրատեսիլ սիրող և տարբեր լեզուների տիրապետող Ալիևը, նույն ինքը՝ Ադրբեջանի բռնապետն է, ում ղեկավարած երկրում Լեռնային Ղարաբաղի հանդեպ թշնամանքը համատարած է:
Մասնագետների միջև կոնսենսուսը հազվադեպ է լինում, սակայն կովկասյան փորձագետներից զարմանալիորեն քչերն են կասկածում, որ կրտսեր Ալիևն է վերսկսել այսօր ընթացող սառեցված պատերազմը. Միայն նա է շահագրգռված:
Երեսուն տարի առաջ այլ էր: Պատերազմը, որ սկսվեց այստեղ Խորհրդային միության փլուզմանը համընթաց, բխում էր Կովկասում 1920-ականներին բոլշևիկների կողմից գծված սահմանների շուրջ հայկական դժգոհությունից:
Երբ հայր Ալիևը զինադադար կնքեց 1994 թ-ին, Ադրբեջանն աղքատ էր և ուներ մեծաթիվ փախստականներ: Հայաստանը փաստացի հաղթել էր պատերազմում: Աշխարհում ոչ մի պետություն չի ճանաչում Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն, բայց դա պատմական հայկական տարածք է՝ հայ ազգաբնակչությամբ: Մի խոսքով, Հայաստանը շահագրգռված չէր պատերազմի վերսկսմամբ: Վերջինս նավթադոլարներով հարուստ չէ իր բանակն արդիականացնելու համար: Վերջին տարիներին Հայաստանը դասական ժողովրդավարական պետություն է:
Ադրբեջանը բռնատիրություն է և վերջին 20 տարվա ընթացքում հարստացրել է իր զինանոցը ամենաժամանակակից զինտեխնիկայով: Կրտսեր Ալիևի մտքերը հստակ կարելի է կարդալ. «Ղարաբաղն իմ ցավն է: Ես նոր զենքեր ունեմ: Իմ ընկեր Էրդողանն անվերապահորեն աջակցում է ինձ, և նավթի չափազանց ցածր գների հետևանքով ներքին սոցիալական քաղաքականության անհաջողություններից առաջացած հասարակության դժգոհությունը կշեղեմ հայերի դեմ ագրեսիայով»: Պատերազմը սովորական ադրբեջանցիներին նույնքան տառապանք է պատճառում, որքան սովորական հայերին, ինչպես և երեսուն տարի առաջ: Ալիևի համար շարքային ադրբեջանցին արժեք չունի»: