Վերջին օրերին Ֆեյսբուքի հայկական տիրույթում, ի թիվս այլ վտանգավոր տենդենցների, թափ է հավաքում ևս մեկը՝ հիմարագույն մի ֆլեշմոբ, որի քողարկված տողատակերը, թերևս, քչերն են հասկանում լավ շղարշված հուզականության քողի տակ, բայց որի սփռած ավերածության պտուղները, սակայն, դեռ երկար կվայելենք:
«Ես լինելով ՀՀ քաղաքացի (այստեղ ըստ խաղի կանոնների՝ իր էջում տեղադրող յուրաքանչյուր անձ պետք է գրի իր անունը) տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կանգնած չեմ առաջնագծում ու քրտինքի մեջ կորած, երբեմն բնական վախը սրտումս, երբեմն ընտանիքի կարոտը խեղդելով, երբեմն ու շատ հաճախ թեկուզ քարի վրա գլուխս դնելու ու 20 րոպե քնելու հնարավորությունից զուրկ` չեմ կռվում իմ քույրերի ու եղբայրների կողքին, ատամներս սեղմած` չեմ մաքառում` հանուն ԱՄԵՆ ՄԻ ԹԻԶ ՀՈՂԻ!
Ուստի!!!!!!!!! Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինձ իրավունք չեմ վերապահում փափուկ բազմոցին նստած` դժգոհել, քննարկել կամ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՔՆՆԱԴԱՏԵԼ նահանջի ցանկացած գործողություն` մտադրված կամ ստիպված… Իմ պատերազմը թիկունքում է, ուրեմն այն լուռ ու պատվով կտանեմ թիկունքում` առանց դժոհության, վախի ու ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՉԱՐԱԽՆԴՈՒԹՅԱՆ (թե բա չիմացաք… էսքան առաջ են եկել)..!
Ես վստահում եմ իմ ԶԻՆՎՈՐԻՆ` շարքայինից մինչև գեներալ!»,- ասված էր «կոչի» մեջ:
Ասվածի վտանգավորությունը հասկանալու համար թող յուրաքանչյուրը, և հատկապես՝ այս գրառումը տարածող ամեն մեկը նախ իրեն հարց տա, թե ինքը քանի՞ անգամ է քննադատել կենաց-մահու կռվի ելած հայ զինվորին, կամ քանի՞ անգամ է չարախնդացել նահանջից: Վստահաբար կպատասխանեն՝ ոչ մի անգամ: Հետևապես՝ ո՞ւմ և ինչի՞ համար է տարածվում այս գրառումը, ո՞րն է այն դաշտ նետածների նպատակը:
Բարեբախտաբար, արդեն ֆեյսբուքյան օգտատերերն էլ են հասկանում այս «ֆլեշմոբի» առնվազն աննպատակահարմարությունը և փորձում են, թերևս, գոնե իրենց ընկերների շրջանում կանխել արտաքուստ աննկատ վտանգը:
«Ուզում եմ խոսել մի «ֆլեշմոբի» մասին, որը էս քանի օր է՝ պտտվում է լրահոսումս, ու ամեն անգամ կամքի մեծ ուժ եմ գործադրում, որ ինձ թույլ չտամ մտնել ու մի քանի հարց տալ էս ապուշության տակը ստորագրողներին էն պարզ պատճառով, որ իմ ընկերներից շատերն էլ էն դարձել էս խեղկատակության մասնակիցը: Կա մի գիտություն, կոչվում է «Հոգեբանություն», ու էս գիտությունը ունի շատ մի պուպուշ բաժին, որը ուսումնասիրում է մասսաների կառավարումը ու տենց լիքը մեխանիզմներ է առաջարկում՝ ինչպես հոգեբանորեն ճնշել ու հետո հավեսով նրանց կառավարել: Ես չեմ ուզում «ликбез» անցկացնել, բայց կուզենայի անդրադառնալ էդ մեխանիզմներից մի երկուսին: Որպեսզի մասսան հեշտ կառավարվի, սկսում են ազդել մարդկանց հուզական դաշտի վրա (իսկ մենք այսօր շատ խոցելի ենք էդ առումով), հետո ներ է շնչվում մեղավորության զգացում, դու քեզ մեղավոր ես զգում, որ ինչ-ինչ պատճառներով բարիկադների այս կողմում ես, տաքուկ ու ապահով: Դա մենք կարող ենք տեսնել այդ ֆլեշմոբ կոչվածի առաջին հատվածում: Այս պահից սկսած՝ մենք արդեն պատրաստ ենք (клиент готов): Տարբեր գործողություններ, ամբողջ պատասխանատվությամբ երդվում ենք, որ էլ չենք մտածելու, չենք խոսելու ու… դե բովանդակությունը գիտեք էդ ֆլեշմոբի, գլուխներդ չտանեմ: Դա արդեն մասսաների կառավարման երրորդ ու ամենաարդյունավետ փուլն է, ինչը տեսնում ենք ֆլեշմոբի երկրորդ հատվածում: Անել այն, ինչ քեզանից ակնկալում են այս հմուտ կազմակերպիչները: Ո՞վ է գրել էս նամակը, ո՞վ գիտի սկզբնաղբյուրը: Վստահ եմ՝ ոչ ոք չունի այդ հարցի պատասխանը, սա սովորական մարդու սրտից բխած ստատուս չի:
Ժողովուրդ, լուրջ ե՞ք ասում, էդ ե՞րբ եք սուտ ինֆոներ տարածել, կամ ե՞րբ եք տրտնջացել ու զինվորին ինչ-որ բանում մեղադրել, որ հիմա էլ «երդվում» եք, որ էլ տենց բան չեք անելու:
Ինչի՞ 10 անգամ չեք կարդում, բառ առ բառ չեք վերլուծում ու հասկանում՝ ինչ առաջադրանք է հետապնդվում, կիսվելուց, կամ copy paste, կամ «անխնա» տարածելուց առաջ!!!! Մեր արժեքը, մեր անհատականությունն է, ու ոչ թե մասսայի մեջ ձուլվելը: Կներեք, наболело:
Իսկ հիմա նորից կարդացեք այդ ֆլեշմոբի բովանդակությունը, առանց էմոցիոնալ ֆոնի ու առանց գերազանցիկի առոգանության
Հ.Գ․ չքաղաքականացնել»,- գրում է ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Դրավաճյանը:
Եվ իսկապես, մեկ անգամ էլ կարդացեք, վերլուծեք, մտածեք… Իսկ եթե գաղափարը թշնամական է, իսկ հեղինակն էլ՝ ադրբեջանցի՞…. Դե լավ, կամ էլ հայ… Չէ՞ որ վարչապետն ասաց՝ մեր շարքերում դավաճաններ կան: Իսկ ի՞նչ, եթե այս գրառման հեղինակը նրանցից մեկն է…
Հ.Գ. Ու չմոռանաք ուշադրություն դարձնել ֆլեշմոբ կոչվածի՝ մեծատառերով գրված բառերին: