PanARMENIAN.Net – Հայաստանի քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը պատասխանել են Ազգային անվտանգության ծառայությունից։
Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ադրբեջանի զինվորականները զրուցում են իբրև Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվ Բաղդասարյանի հետ, իսկ նա զինվորներին ասում է՝ «Բարի գալուստ ձեր տուն»։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն կեղծ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ազնիվ Բաղդասարյանը հայ չէ, և իբր նույն կինը 2019-ին ադրբեջանական լրահոսում կրկին հայտնվել է։
«Հոկտեմբերի 7-ին` գերեվարվելուց հետո, ադրբեջանական կայքին տված հարցազրույցի ընթացքում վախի ազդեցության տակ կինն ասել է, որ 3 օր գտնվել է անգիտակից վիճակում։ Դրանից հետո իբրև թե նրան հայտնաբերել են ադրբեջանցի զինվորները և իբր փրկել նրա կյանքը»,- ասել են ԱԱԾ-ից։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ հայտնել է, որ պատվիրակության ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են Ազնիվ Բաղդասարյանին։
«ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին և ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորություն տվել»,- նշել է Ամատունին։
ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են նաև պատերազմի ընթացքում գերեվարված երեք զինծառայողի՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։