Թուրքական սիմվոլիզմի և հոկտեմբերի 30-ի նպատակի մասին
Advertisement 1000 x 90

Թուրքական սիմվոլիզմի և հոկտեմբերի 30-ի նպատակի մասին

Թուրքական սիմվոլիզմի և հոկտեմբերի 30-ի նպատակի մասին.

Այն, որ թշնամին Արցախի վրա հարձակվեց հենց 2020թ. սեպտեմբերի վերջին, ամենևին էլ պատահական չէր: Թուրքիան ներսից ճանաչող և նրա պատմական ռազմաքաղաքական միտքը ուսումնասիրած յուրաքանչյուր մարդ գիտի, որ թուրքերը դեռևս սելջուկյան ժամանակներից հատուկ տեղ են տալիս խորհրդանիշներին՝ սիմվոլիզմին:

Ճիշտ 100 տարի առաջ՝ 1920թ. սեպտեմբերի վերջին թուրքական զորքը հարձակվեց Հայաստանի վրա: Սեպտեմբերի 27-ին թուրքերը հարձակվեցին Արդահանի նահանգի վրա:

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքը հարձակվեց Հայաստանի վրա (Արցախը Հայաստան է):

1920թ. հոկտեմբերի վերջին թուրքական զորքը հասավ Կարս: Այն ժամանակվա քարոզչական տեխնոլոգիաներով փորձեցին հայկական զորքի և բնակչության մեջ խուճապ տարածել՝ նկարագրելով, թե ինչպես են իրենք դաժանաբար ոչնչացնում հայ ռազմագերիներին՝ միաժամանակ խոստանալով Կարսը գրավելու դեպքում հարգել հայերի բոլոր իրավունքները։ Ժամանակի լավագույն զենքով զինված հայկական զորքը այնքան ենթարկվեց թշնամու ազդեցության և հուսալքվեց, որ 1920թ․ հոկտեմբերի 30-ին հանձնեց Կարսը։

1920թ․ հոկտեմբերի 30-ը Թուրքիայի պատմության մեջ շրջադարձային եղավ նրանով, որ ընկավ Հայաստանի ամենակարևոր ճակատը և ավելի արագացրեց հայկական պետականության ոչնչացումը՝ թուրքերի շարքերում վառելով ոգևորության նոր կրակ։

Հասկանում եմ, որ խորհրդապաշտությանը՝ սիմվոլիզմին, առանձնապես լրջորեն պետք չի վերաբերվել, բայց եթե խոսում ենք Թուրքիայի մասին, ապա դա նրանց համար առաջնային տեղ ունի։ Թուրքական քաղաքականության մեջ սիմվոլները հատուկ նշանակություն ունեն, նրանք դրանց մեջ են տեսնում իրենց հետագա գործունեության կոդերը և կառուցում ապագայի գործողությունները։

Չմոռանանք 2020թ․ օգոստոսի 25-ին Մանազկերտի ճակատամարտի 949-ամյակի առիթով Էրդողանի հնչեցրած մտքերը իրենց անցյալի և սելջուկներին հավատարիմ մնալու ապագա քայլերի մասին։ Թվեր և սիմվոլներ։

2020թ․ հոկտեմբերի 30-ը մոտենում է։ Թուրքիան Ադրբեջանի միջոցով նոր ուժեր է նետում ռազմի դաշտ, փորձում հասնել Բերձոր՝ փակելու ՀՀ-ից դեպի Արցախ տանող արյունատար անոթը։ Ալիևը խոստանում է նստել բանակցային սեղանի շուրջ և անգամ խոսել Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Իր սիմվոլիզմին հավատարիմ՝ թշնամին ձգտելու է հոկտեմբերի 30-ին՝ Կարսի անկումից 100 տարի անց, կրկին շրջադարձային քայլ անել ու վառել իրենց ոգևորության կրակը։

Չկորցնենք զգոնությունը այս պահի մեր հաջողությունից,

Չհետևենք թշնամու քարոզչական տեսանյութերին,

Չտարածենք բացահայտումներ մեր զորքի մասին,

Շարունակենք կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը և վերջնական մարենք թշնամու ոգևորության կրակը։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան  էջից

https://www.facebook.com/nhokhikyan1/posts/644646562892295



Նման նյութեր