ՀՀ վարչապետի՝ հոկտեմբերի 26-ի ուղիղ եթերից հետո հարցեր են առաջանում մեզ, Հայաստանի շատ քաղաքացիների ու Սփյուռքի հայրենակիցների մոտ։ Այդ հարցերի մի մասը ձևակերպենք՝ ակնկալելով վարչապետի արձագանքը հաջորդ իսկ լայվի ժամանակ։
Եվ ուրեմն․
- Ի՞նչ ցավոտ փոխզիջման մասին եք ակնարկում, ի՞նչն եք պատրաստ փոխզիջել։ Ինչի՞ եք պատրաստում պատերազմի դաշտ շտապող զինվորներին ու կամավորներին՝ հաղթանակի՞, թե՞ ցավոտ փոխզիջումների
- Ձեր կարծիքով, ի՞նչ զգացում կունենա պատերազմի շտապող զինվորն ու կամավորականը «ցավալի փոխզիջման» մասին լսլեով՝ ձեզանից․ մանավանդ որ նա կռվում է մի հողի համար, որը հնարավոր է՝ փոխզիջվի։
- Արդյո՞ք հնարավոր չէր բանակցային երկուսուկես տարվա ընթացքում այդ փոխզիջումն անել առանց զոհի և պատերազմի։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ է այսօր հնարավոր, արդեն՝ զոհերով, իսկ այն ժամանակ՝ ոչ։
- Արդյո՞ք ժողովուրդը տվել է համաձայնություն «ցավոտ փոխզիջումների» համար, ինչո՞ւ եք դա ասում ժողովրդի անունից։ Արդյո՞ք ունեք և երբ ու որտե՞ղ եք ստացել նման մանդատ։
- Արդյո՞ք ճիշտ է պատերազմի և դրա հետևանքների մեղքը հանրության վրա բարդելը․ հանրությունն ինչո՞ւմ է մեղավոր։ Արդյո՞ք հանրությունը ցույց է տվել որևէ առիթով, որ անթասիբ է։
- Զինվորը գնում է պատերազմ պաշտպանելու «ցավոտ փոխզիջման թե՞զը», թե՞ որ բանը չհասնի կապիտուլյացիայի, ինչպես նշեցիք Ձեր եթերում
- Սփյուռքում եռացող հայրենասիրությունից դրդված անձանց Արցախ՝ պատերազմի դաշտ բերելու համար ի՞նչ ջանքեր է գործադրել կառավարությունը, մինչ օրս սփյուռքահայերով լեցուն քանի՞ ինքնաթիռ է Հայաստան եկել՝ պատերազմ մեկնելու համար։
- Արդյո՞ք այս ընթացքում գործողություններ են կատարվել Սփյուռքում գտնվող, բայց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած տղամարդկանց վարքագծին գնահատական տոլու ուղղությամբ, ինչպես կատարեցիք Դուք կորոնավիրուսի տեղեկանքի կեղծման դեպքի հետ կապված։
- Արդյոք վարչապետի կողմից հայտարարությունները, թե մեզ մոտ թասիբ ու հայրենասիրությունը բավարար մակարդակի վրա չէ, զինկոմիսարիատների մոտ հերթեր չկան, թշնամի պետության մոտ չե՞ն պախարակում մեզ և տպավորություն ստեղծում, թե հայ ժողովրդին զոռով են տանում հայրենիքի համար կռվելու։
- Համաձայն ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետի, վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է պատերազմի ժամանակ։ Հայաստանը պատերազմ չի հայտարարել որևէ երկրի, չի գտնվում Պատերազմական վիճակում, բայց գտնվում է Ռազմական դրության մեջ, սակայն ձեզ հայտարարում եք Գերագույն հրամանատար, այդ թվում՝ վերջին լայվի ընթացքում։ Արդյո՞ք Դուք եք տվել մինչ այս բոլոր հրամանները ռազմական գործողությունների ժամանակ։
- Հայաստանն ունի կանոնավոր բանակ և ինչպես նաև Դուք էիք հայտնել, համարվում է տարածաշրջանում ամենամարտունակ բանակը․ այդ դեպքում ինչո՞ւ ենք պատերազմի առաջին օրվանից խոսում կամավորների մասին։
- Արդյո՞ք, Ձեր կարծիքով, ժողովուրդն է կրելու սպասվող բանակցությունների, դիվանագիտական դաշտում հարցերի ու պատերազմի սկսման բեռը հետագայում։
- Պատերազմի մեկնող կամավորականն ի՞նչ սոցիալական երաշխիքներ ունի, ի՞նչ աջակցություն է տրվելու կամավորի ընտանիքին նրա զոհվելու կամ վիրավորվելու պարագայում։ Ինչո՞ւ այդ մասին չի հայտարարվում այսօր, որպեսզի կամավորականը իմանա՝ իր ընտանիքն ապահովված կլինի և կարողանա մեկնել պատերազմ առանց անհանգստանալու ընտանիքի մասին։
- Ասում եք, որ եթե ժողովուրդը պահանջի, անձամբ կգնաք պատերազմ, ինչպե՞ս եք չափելու «ժողովրդի պահանջ» կոչվածը։
- Արդյո՞ք պատերազմում բեկում չի կարող մտցնել ՀՀ և Արցախի նախկին նախագահների գիտելիքները, փորձը, կապերը ի շահ երկրի ծառայեցնելը և 15 կուսակցությունների հայտարարած շտաբը ստեղծելը։
- Դուք հայտարարում էիք, որ բանակցությունները սկսելու եք ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ ձեր սեփական կետից․ ո՞րն էր ձեր կետը և արդյո՞ք այն արդյունավետ է օգտագործվել, ըստ Ձեզ։
- Արդյո՞ք հանրությունն իրավունք չունի տեղեկանալու, թե հանուն ինչի է կռվում, ինչ է զիջելու, ինչի շուրջ է բանակցվում, որն է «ցավոտ փոխզիջումը»։
- Դուք բազմիցս հայտարարել եք, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի Հայաստանի, Արցախի և ադրբեջանի ժողովրդին ընդունելի տարբերակով։ Այդ հայտարարություններն անելիս արդյո՞ք մտածում էիք, որ Հայաստանին ու Արցախին ընդունելի տարբերակը ցավոտ փոխզիջումն է, իսկ Ադրբեջանին ընդունելի տարբերակը՝ կապիտուլյացիան, ինչպես ասում եք այսօր։
- ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ թշնամին մոտեցել է Սյունիքի դարբասներին։ Ադրբեջանական և թուրքական ահաբեկչական ուժերը բազմիցս խոցել են նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին՝ գոնե Հայաստանի սահմանային անվտանգությունը պաշտպանելու համար։
- Ժողովուրդը ձեզ տվել էր բարձր լեգիտիմություն՝ ապահովելու համար նաև 1994 թվականից պահպանվող թեկուզ փխրուն խաղաղությունը։ Արդյո՞ք այս օրերին վերլուծել եք՝ ինչո՞ւ, ի վերջո, բանը հասավ լայնամասշտաբ պատերազմին։