Այն, ինչ Ռուսաստանը չի ասում պաշտոնապես, պատերազմի առաջին իսկ օրերից, հնչում է ռուս քաղաքագետների շուրթերից՝ Սերգեյ Կուրղինյանի, Սեմյոն Բաղդասարովի, այլոց՝ որ Ռուսաստանը չի ցանկանում օգնել արեւմտյան կողմնորոշում ունեցող ՀՀ իշխանություններին: ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր, ռազմագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովն ուղղակի հարց է ձեւակերպում ֆեյսբուքյան հարթակում։ «Հայերը պետք է ընտրեն պրոռուսական կառավարություն եւ հետո միայն Մոսկվայից օգնություն խնդրեն: Ինչո՞ւ մենք պետք է օգնենք պրոարեւմտյան Փաշինյանին»:
Լինելով ռազմագետ եւ ժամանակակից սպառազինությունների գիտակ՝ Ալեքսանդրովը միաժամանակ ուշադիր հետեւում է Արցախում ռազմական գործողությունների ընթացքին եւ հարցազրույցներում վերլուծում դրանք: Նա ընդունում է, որ ներքաղաքական տեսանկյունից Ադրբեջանը ռիսկային գոտում է: «Ադրբեջանում քաղաքական ռեժիմի կայունության հիմքը Իլհամ Ալիեւի ավտորիտար իշխանությունն է, ահա ինչու այնտեղ կենդանի ուժի մեծ կորուստների հետ կապված դժգոհությունը կարող է ճակատագրական լինել: Հայաստանում՝ ոչ: Եթե մարդիկ դժգոհություն հայտնեն, Փաշինյանը կհեռանա, կգա ուրիշը: Ահա ինչու Հայաստանում, գոնե մասամբ, հրապարակում են զոհերի վերաբերյալ տեղեկություններ: Իսկ Ադրբեջանը լիարժեք լռություն է պահում այդ տվյալների վերաբերյալ»,- ասել է Ալեքսանդրովը «Правда.Ру» պարբերականին: Հայտնի քաղաքագետին մի քանի հարց ուղղելու հնարավորություն ունեցանք:
– Պարոն Ալեքսանդրով, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դեմ չեն խաղաղարարների տեղակայմանն Արցախում: Ալիեւը նշել է նաեւ՝ «որոշակի պայմանով»: Կարելի՞ է սա առաջխաղացում համարել բանակցային գործընթացում:
– Այս հարցին պատասխանելը բարդ է: Սկզբունքորեն խաղաղարարների հարցը քննարկվել էր Մադրիդյան սկզբունքներում եւ առաջարկվել է նաեւ Մինսկի խմբի համանախագահներին: Ահա ինչու պարզ չէ, թե ինչ խաղաղարարների մասին է խոսքը՝ այն խաղաղարարների, որոնք ենթադրվում էին Մադրիդյան սկզբունքներո՞ւմ, թե՞ նրանց, որոնց մասին խոսվում է այսօր, այսինքն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով տեղակայվող խաղաղարարների: Անհասկանալի է նաեւ, թե ինչ պայմանների մասին է խոսում Ալիեւը: Կարելի է այնպիսի պայմաններ առաջադրել, որ խաղաղարարների գաղափարը կվերափոխվի, ու կնշանակի Ադրբեջանի կողմից հսկողություն սահմանել ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա:
– Պաշտոնապես չի հայտարարվում, սակայն մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ակտիվ չէ Հայաստանին օգնելու հարցում, որովհետեւ կա Սորոսի գործոնը, կամ, ինչպես Սոլովյովն է ասում՝ «Սորոսի ձագերի»: Նկատելի է նաեւ որոշ հակակրանք Փաշինյանի եւ նրա թիմի նկատմամբ: Ասացեք, խնդրեմ, արդյո՞ք այդ հակակրանքն այնքան ծանրակշիռ է, որ Ռուսաստանը պատրաստ է հրաժարվել իր շահերից կովկասյան տարածաշրջանում:
– Փաշինյանին հայերն իրենք են ընտրել: Ցավոք, Լեռնային Ղարաբաղն այդ գործընթացին չի մասնակցել: Ղարաբաղի բնակիչներին չեն հարցրել՝ ուզո՞ւմ են նրանք Փաշինյանին, թե՞ ոչ: Ամեն դեպքում, հայերն իրենք պետք է որոշեն՝ ձե՞ռք է տալիս իրենց Փաշինյանը եւ նրա թիմը եւ նրանց քաղաքականությունը, թե՞ ոչ: Իմ կարծիքով, պատերազմի ժամանակ այդ թիմը մեծ արդյունավետություն ցույց չի տալիս եւ կարող է կորցնել Լեռնային Ղարաբաղը: Ահա ինչու հայերը պետք է որոշեն, թե որն է իրենց համար ավելի կարեւոր՝ Փաշինյա՞նը, թե՞ Լեռնային Ղարաբաղը:
– Եվս մեկ գաղափար, որ այս օրերին քննարկվում է՝ անջատում՝ հանուն փրկության: Կարո՞ղ է սա իրոք, ինչպես սպասում է Փաշինյանը, կոնֆլիկտի լուծման բանալի դառնալ:
– Այդ գաղափարն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե Երեւանը մտադիր լինի մոտ ժամանակներում ինքը ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եթե ոչ՝ դա դատարկ բլբլոց է: Ճանաչման կոչերը, որոնք ուղղված են ուրիշին՝ այն դեպքում, երբ ինքդ չես ճանաչում, դեմագոգիա են: Այնպես որ, ռեալ քայլեր ենք սպասում Երեւանից:
– Պարոն Ալեքսանդրով, հիմա մեզ մոտ հակասական իրավիճակ է: Արցախում մարդիկ երազում են, որ Արցախը միանա Ռուսաստանին ու այդ ձեւով փրկվի, իսկ Հայաստանն անգամ չի դիմում ՀԱՊԿ-ին: Ի՞նչ անել:
– ՀԱՊԿ-ին դիմելը վաղ է, քանի որ Հայաստանի դեմ հարձակում չի եղել: Իսկ եթե Լեռնային Ղարաբաղում մարդիկ ուզում են միանալ Ռուսաստանին, ապա պետք է որ ԼՂՀ խորհրդարանը պաշտոնապես նման դիմում ուղղի ՌԴ պետական դումային: Ռուսաստանում գործում է օրենք՝ Ռուսաստանի Դաշնություն նոր անդամներ ընդունելու մասին: Այդ դեպքում պարտավոր կլինեն այդ դիմումը քննարկել: Իսկ այն, որ ԼՂ նախագահը Պուտինին նամակ է գրել, գիտեք, այդպիսի նամակներից զրո օգուտ կա, այնինչ Դումային պաշտոնապես դիմելը, ՌԴ օրենսդրության պահանջներին համապատասխան, այն դա հզոր քաղաքական քայլ կլիներ: