Առաջին հերթին անհրաժեշտ է տարածաշրջանից հեռացնել ահաբեկիչներին և վարձկաններին, ապա սահմանափակել Թուրքիայի մասնակցությունն այս կոնֆլիկտին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Al Arabiya» հեռուստաալիքի հետ զրույցում նշել է, որ բռնությունների դադարեցման համար շատ երկրներ հենց նման հաջորդականություն են տեսնում։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում մենք արդյունք չենք ունենա։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են բռնությունները դադարեցնելու համար: Բայց էլի եմ ասում` մենք այստեղ էլ պետք է էությունը հասկանանք: Որովհետև մինչ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ քննարկում էին հրադադարի հաստատման հարցը, Թուրքիան ի սկզբանե ասում էր, որ իր կարծիքով Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները»,- նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է՝ սա բազմաթիվ փաստերից միայն մեկն է, որն ապացուցում է՝ այս կոնֆլիկտն ավելի բորբոքողը Թուրքիան է։
Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե առկա հակամարտությունը «գազային բաղադրիչ» ունի, նշել է, թե նման պնդումներով որոշ ուժեր փորձ են անում շեղել ուշադրությունը կոնֆլիկտի բուն էությունից։ Դրա համար էլ այս կոնֆլիկտին տալիս են երբեմն գազային ենթատեքստ, երբեմն կրոնական ենթատեքստ, երբեմն էլ տարածքային ենթատեքստ:
«Ինչո՞ւ են ասում տարածքային վեճ: Ինչո՞ւ են ասում գազի կոնֆլիկտ: Ինչո՞ւ են ասում երբեմն կրոնական կոնֆլիկտ: Բուն էությունից շեղելու համար: Որովհետև եթե ախտորոշված չէ, ճիշտ ընկալված չէ, այդ պրոբլեմը չի լուծվի: Հետևաբար դա անում են այն ուժերը, որոնք հետաքրքրված չեն պրոբլեմի էությամբ և պրոբլեմի լուծմամբ: Հետաքրքրված չեն: Նրանց պետք է նենգափոխել՝ իրենց շահերն այդ համատեքստում սպասարկելու համար: Ի՞նչ կապ ունի գազն այստեղ ընդհանրապես»,- ասել է Փաշինյանը։
Եզրափակելով հարցազրույցը՝ նա կրկնել է՝ պետք է գտնել Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ղարաբաղի ժողովրդի համար: