Երբ տեսնում ենք տանկերը, միաբանվում ենք, հենց պատերազմը վերջանում է՝ իրար ենք ուտում. Հրայր Ուլուբաբյան
Advertisement 1000 x 90

Երբ տեսնում ենք տանկերը, միաբանվում ենք, հենց պատերազմը վերջանում է՝ իրար ենք ուտում. Հրայր Ուլուբաբյան

53 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 1–ին Ստեփանակերտի մերձակայքում տեղադրվեց «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը շատերին հայտնի է «Արցախի պապիկ-տատիկը» անունով։ Արցախի խորհրդանիշ համարվող հուշակոթողը կառուցվել և տեղադրվել է Արցախի սրտում՝ չնայած նրան, որ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը դեմ է եղել դրան և ամեն կերպ խոչընդոտել քանդակի տեղադրմանը։ Հուշարձանը խորհրդանշում է Արցախի հողի և ժողովրդի արմատների միջև ամուր կապը։ Հուշարձանի քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակը «Մենք ենք, մեր սարերը» անունով կոչել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը։ Արցախի խորհրդանիշ հուշակոթողի նշանակության, արցախցիների պայքարի և պատերազմի մասին NEWS.am–ը զրուցել է Բագրատ Ուլուբաբյանի որդու՝ հրապարակախոս, հասարակական գործիչ Հրայր Ուլուբաբյանի հետ։

Այսօր ավելի քան խորհրդանշական է այս հուշակոթողի նշանակությունը հայության և առհասարակ Արցախի համար։ Ի՞նչ պատգամ է հղել սերունդներին ձեր հայրը՝ քանդակը կոչելով «Մենք ենք, մեր սարերը» անունով։

Հայրս մտերիմ է եղել քանդակի հեղինակ Սարգիս Բաղդասարյանի հետ և քանդակի կառուցման հարցում համագործակցել են։ Շատ մանրամասներ չգիտեմ իրենց շփումներից, քանի որ այդ ժամանակ դպրոցական եմ եղել։ Իսկ «Մենք ենք, մեր լեռները» անունը և ինքը՝ քանդակը, մեծ խորհուրդ ունեն։ Արցախցի ամուսինների պատկերով կոթողը պատվանդան չունի, կարծես սարերի միջից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայրենի հողի մեջ։ Սա նշանակում է, որ արցախցին ամուր կառչած է իր արմատներին, Արցախը մեր պատմական տարածքն է, և մեր հողերի նկատմամբ 70 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը չի կարող որևէ իրավունք ունենալ։ Իմ հայրն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր Արցախի փրկության, Արցախի ճշմարտացի պատմությունն աշխարհին ներկայացնելու գործին։ Նժդեհի գաղափարախոսությունն էլ էր հենված այդ արժեքների վրա՝ «Հայաստան և ճշմարտություն»։ Իսկ ճշմարտությունն ուժ է, այն պետք է ավերի, քանդի բոլոր տեսակի կեղծիքները։ Մենք մեր հերթին պետք է վեր հանենք պատմական ճշմարտությունը և թե՛ քաղաքական, թե դիվանագիտական ասպարեզներում ներկայացնենք աշխարհին։

Ձեր հայրը Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված պատմագիտական աշխատությունների հարուստ ժառանգություն է թողել, որը, ցավոք, քիչ է ուսումնասիրված։ Այսօր ի՞նչ կռվան պետք է օգտագործել Ադրբեջանի՝ «տարածքային ամբողջականության» խաղաքարտի դեմ, եթե աշխարհը փաստացի աչք է փակում դրան հակակշիռ՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի վրա։

Մեր սխալներից մեկն այն է, որ տարիներ շարունակ Արցախի պատմությունը ամբողջությամբ չենք մատուցել սերունդներին, մեր պատմական հողերի մասին կիսատ–պռատ ենք խոսում, պետական մակարդակով խուսափում ենք անընդհատ կրկնել, որ Արցախն իր տարածքային ամբողջականությամբ է պատմական Հայաստանի մաս։ Մեր երկրի ղեկավարները, արտաքին գերատեսչությունների ղեկավարները, խոսելով ԼՂԻՄ շրջակա յոթ շրջանների մասին, ասում են, որ այն անվտանգության գոտի է. ինչու՞ ենք վախենում նշել, որ դրանք մեր պատմական տարածքներն են, մինչև Կուր են ձգվում մեր պատմական Արցախ և Ուտիք նահանքները, Աղդամը մեր պատմական Տիգրանակերտն է, սրանք անհերքելի փաստեր են, որոնց մասին պետք է աղաղակել։ Մեր վարչապետն ասում է՝ սա միայն տարածքի վեճ չէ, Ադրբեջանն ուզում է էթնիկական զտում անել։ Հերիք է այդ արտահայտությունն անենք. թուրքը ցեղասպանություն է իրականացնում, իր «պանթուրանիզմի» ծրագիրն է իրագործում, ուզում է «Մեծ Թուրան» ստեղծել և դրա ճանապարհին Արցախն ու Հայաստանը խոչընդոտում են նրան։ Մենք պետք է անընդհատ խոսենք մեր պատմական տարածքների վերականգնման մասին, Շահումյանի, Գետաշենի, Նախիջևանի վերադարձի, թույլ չտանք, որ Ադրբեջանը զավթի Արցախը և մի բան էլ հայտարարի Երևանն ու Զանգեզուրը գրավելու ցանկության մասին։

Ամբողջությամբ՝ news.am



Նման նյութեր