Ասում են՝ գնացե՛ք, ապրե՛ք այնտեղ, թուրքերի մեջ ո՞նց գնամ, ապրեմ, ո՞նց քնեմ, երբ անտառներում լիքը թուրքեր են․ Մարտակերտի բնակիչ. yerkir.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ասում են՝ գնացե՛ք, ապրե՛ք այնտեղ, թուրքերի մեջ ո՞նց գնամ, ապրեմ, ո՞նց քնեմ, երբ անտառներում լիքը թուրքեր են․ Մարտակերտի բնակիչ. yerkir.am

Արդեն երկրորդ անգամ է, որ գաղթում ենք։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մարտակերտից դստեր ընտանիքի հետ Երևանում ժամանակավորապես բնակություն հաստատած Ամալյա Աբրահամյանը։ Դժգոհ չէ պայմաններից, բայց Արցախի իր տունն ու նախկին հանգիստ, անվտանգ կյանքն է ուզում: «Ամեն անգամ գնում-տեսնում ենք՝ տները վառված, թալանված, նորից ենք տուն կառուցում ու նորից սկսում կյանքը»,- պատմում է տիկին Ամալյան ու պնդում, որ մի քանի օրից որոշել է վերադառնալ Մարտակերտ, բայց չի պատկերացնում՝ ինչպե՞ս պիտի ապրի թշնամու շրջապատում․ «Թե ի՞նչ կլինի մեր ճակատագիրը, չգիտեմ»։

Տիկին Ամալյային մի հարց է տանջում, թե այդ ինչպե՞ս երկրի ղեկավարները՝ Արցախի ու Հայաստանի, չմտածեցին հետագա քայլերի, իրենց ճակատագրերի մասին: «Ինչո՞ւ այդպես արեցին։ Ասում են՝ գնացեք, ապրեք թուրքերի մեջ, ո՞նց գնամ, ապրեմ, այդ ճանապարհով ո՞նց գնամ, երբ մի ավտոն թուրք է, մի ավտոն՝ հայ, այնտեղ ապրե՞լ կլինի։ Ո՞նց քնես այն տներում, երբ գիտես, որ անտառներում լիքը թուրքեր են։ Ռուսաստանն էլ, եթե գալիս էր, թող շուտ գար, վերցներ, շուտ օգներ։ Մի քանի տարուց հետո Արցախում էլ հայ չի լինի։ Ալիևը, որ ասում էր, թե՝ մի՛ վախեցեք, կփախչեն կգնան, այդ տարածքները կմնան մեզ, հիմա այնպես արեցին, որ դա իրականանա։ Լավ, այդ մարդը, ամբողջ հանրապետության մեծը չի՞ մտածում՝ էս ի՞նչ է անում, էն արցախցին ո՞նց գնա, թուրքերի մեջ ապրի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am