Ռուսաստանի ԱԻՆ երկրորդ շարասյունը՝ մարդասիրական բեռով, Ռոստովի մարզից ճանապարհ է ընկել դեպի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ռոստովի մարզում կազմավորված երկրորդ ավտոշարասյունն արդեն ընթանում է Կրասնոդարի մարզի տարածքով։ Այսօրվա ընթացքում այն կանցնի 630 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ ներգրավված է 35 միավոր տեխնիկա և մոտ 40 հոգանոց անձնակազմ»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ կհասնի նոյեմբերի 21-ին` մոտավորապես օրվա կեսին։ Այս պահին այն Ստեփանակերտից 70 կմ է հեռու։
Ռուսաստանի ԱԻՆ-ը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում քանդված շենքերին պատճառված վնասը:
Նախարարության ձևավորած երկու ավտոշարասյունները Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն։ Հատուկ տրանսպորտով առաքվում են շինարարական նյութեր՝ սոցիալական ենթակառուցվածքի և տուժած բնակչության տների վերականգնման համար: