Ի՞նչ անել, եթե երեխան ունի վախեր. մասնագիտական խորհուրդներ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ անել, եթե երեխան ունի վախեր. մասնագիտական խորհուրդներ

Երեխայի վախն ու տագնապը մեղմելու համար առաջին հերթին մենք պետք է աշխատենք մեր սեփական վախերի ու տագնապների վրա: Եթե մայրը կամ հայրը վախեր ունեցող,  տագնապային, անվստահ ծնողներ են, ապա երեխան անպայման տագնապային կլինի: Երեխան չի վախենում, երբ տեսնում է իր կողքին ինքնավստահ և համարձակ ծնողներ:

Որևէ բան ասելով կամ բացատրելով` հնարավոր չէ մեղմել երեխայի վախն ու տագնապը, եթե ասողն ինքը չի հավատում իր խոսքերին:

Ինչպե՞ս վարվել, որ երեխան քիչ վախեր ունենա

Պետք չէ երեխային անընդհատ շրջապատել վախի մթնոլորտով, նրան պատմել բազմաթիվ վտանգների մասին: Պետք չէ երեխային անընդհատ վախեցնող զգուշացումներ անել՝ վայ կընկնես, վայ ձեռք չտաս, վայ չմոտենա, վայ կծակի, վայ հեռու մնա, վայ չգնաս: Այստեղ կարևոր է ոչ միայն ասվածի բովանդակությունը, այլև դրա հուզական ֆոնը: Վախով դաստիարակված երեխաները շատ վախեր են ունենում: Երբեմն դա դժվար է կառավարելը, բայց ավելի լավ է` մենք աշխատենք մեզ վրա, քան երեխային ներարկենք մեր վախերն ու պայքարենք երեխայի վախերի հետ:

Ի՞նչ անել, եթե երեխան արդեն ունի սուր վախեր

Նման դեպքերում, իհարկե, պետք է դիմել հոգեբանի: Վախերի հետ ապրելը պարզապես տանջալի է: Երեխան կարող է ազատվել դրանցից և խաղաղ ապրել: Մարդիկ կան, որ վախեր ունեն տարիներ շարունակ և ապրում են այդպես տանջվելով: Սա անթույլատրելի բան է, եթե կան մասնագետներ, ովքեր կարող են օգնել ազատվել դրանցից:  Պետք է միայն իմանալ, որ վախերի հաղթահարումը բավական հեշտ խնդիր է հոգեբանության մեջ և դրանցից կրկնակի վախենալ պետք չէ:

Դժվար հաղթահարելի են կպչուն, նևրոտիկ բնույթի վախերը, որոնք արդեն առաջանում են երկարատև տագնապային հոգեվիճակի հետևանքով: Ամեն դեպքում, ամեն բան կարող է լուծվել, եթե ժամանակին դրան արձագանքենք:

Խորհրդատվությունը՝ «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի:

impoqrik.am