Դրամի արժեզրկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկիր ավելի քիչ արտարժույթ է մտնում, քան դրա պահանջարկն է, և դրա հետևանքով արտարժույթը արժևորվում է: Սա հետևանք է մեր երկրի տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, վերջին օրերին դրամի արժեզրկում է նկատվում: Մասնավորապես, եթե մոտ 10 օր առաջ 1 դոլարն արժեր 480-490 դրամ, այժմ այն հասել 520 դրամի: Ինչո՞վ է պայմանավորված դրամի արժեզրկումը:
– Դրամի արժեզրկումը հետևանք է մեր երկրի տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների: Մեծ իմաստով դրամի փոխարժեքը որոշվում է շուկայում արտարժույթի պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ: Այսինքն, երբ ներկրողներին անհրաժեշտ է իրենց դրամը վերածել դոլարի, դոլար ձեռք բերել, արտահանողներին կամ դրսից տրանսֆերտ ստացողներին՝ հակառակը: Հիմա փաստացի դրամի արժեզրկումը պետք է պայմանավորել այն հանգամանքով, որ երկիր ավելի քիչ արտարժույթ է մտնում, քան դրա պահանջարկն է, և դրա հետևանքով արտարժույթը արժևորվում է:
– Կենտրոնական բանկի անելիքը ո՞րը պետք է լինի այս հարցում, միջամտության և դրամի կայունացման անհրաժեշտություն չկա՞:
– Մեծ իմաստով, Կենտրոնական բանկը փոխարժեքը կայուն պահելու խնդիր չունի: 2015 թ. սահմանադրական փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրել ենք, որ ԿԲ-ի գլխավոր խնդիրը գների և ֆինանսական համակարգի կայունության ապահովումն է: Այս իմաստով, Կենտրոնական բանկը լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացնում, երբ որևէ կերպ գոնե պաշտոնապես փոխարժեքը կարգավորելու անհրաժեշտություն չունի: Այս տեսանկյունից, ԿԲ-ն փաստացի անելիք չունի: Այստեղ շատ ավելի կարևոր է, որ մեր երկրի տնտեսությունում արմատական փոփոխությունների արդյունքում հասնենք որոշակի աշխուժացման, այսինքն, տնտեսությունն ուժեղանա, որն իր հետ կբերի դրամի արժևորում:
– Նշեցիք, որ դրամի արժևորմանը պետք է հասնել տնտեսությունում արմատական փոփոխություններով, տնտեսությունն ուժեղացնելով: Ներկայիս Կառավարության 2.5 տարվա աշխատանքը տեսել ենք, ի՞նչ եք կարծում, ունակ է այս իշխանությունը նման տնտեսական քաղաքականություն իրականացնել:
– Այս իշխանության առաջին 7-8 ամիսներից հետո պարզ դարձավ, որ նոր ձևավորված Կառավարությունը, քաղաքական թիմը չունի այն կադրային պոտենցիալը, որ կարողանա արդյունավետ տնտեսական քաղաքականություն իրականացնել: Փաստացի, վերջին 2.5 տարվա ընթացքում մեր երկրում, այդ թվում նաև տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ իշխանությունը տապալել է նաև վարվող տնտեսական քաղաքականությունը, որովհետև չկա գեթ մեկ առաջընթաց տնտեսական բլոկի որևէ հարցում՝ ո՛չ հասարակության սոցիալական խնդիրներն են թեթևացել, ո՛չ առանձնապես բյուջետային, հարկային քաղաքականության առումով առաջընթաց ունենք: Այսինքն՝ տնտեսական ամբողջ բլոկում մենք որևէ շոշափելի առաջընթաց 2.5 տարվա ընթացքում չենք զգացել: Դա մի կողմից երկարաժամկետ պլանավորումներ չունենալու հետևանք է, մյուս կողմից էլ՝ ոչ պրոֆեսիոնալ կադրային ներուժի արդյունք: Կարծում եմ՝ բավարար ներուժ չունի այսօրվա Կառավարությունը երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրները լուծելու համար, որովհետև 2.5 տարին քիչ ժամանակ չէր որևէ բարեփոխում, տնտեսական խնդիր լուծելու համար: Միայն մեկ օրինակ կուզեմ բերել: Օրերս քննարկվում է պետական բյուջեի 2021 թ. նախագիծը: Նոր ձևավորված Կառավարությունը, ըստ էության, իշխանության եկավ նաև այն լոզունգով, որ պետք է օպտիմալացումներ իրականացնել, պետական ապարատն ավելի արդյունավետ պետք է աշխատի և այլն: Բայց արդեն այս Կառավարությունը 3-րդ բյուջեի նախագիծն է ներկայացնում, բայց որևէ օպտիմալացման մասին խոսք չկա: Միակ «օպտիմալացումը» եղավ նախարարությունների թվի կրճատումն ու սուպերնախարարությունների ձևավորումը, որոնց արդյունքում, սակայն, պետական ծառայողների թվաքանակը ոչ միայն չի կրճատվել, այլև ավելացել է, պետական ապարատի պահպանման ծախսերը ոչ միայն նվազել են, այլև ավելացել են: Եվ 2021 թ. բյուջեի նախագծում բոլոր պետական գերատեսչությունների առումով թե՛ աշխատավարձի ֆոնդի, թե՛ պահպանման ծախսերի ավելացում ունենք: Նույն նախագծով պլանավորվում է պարգևավճարների ֆոնդն ավելացնել 21 տոկոսով, իսկ սոցիալական ծրագրերին ուղղվող գումարներն ընդամենը 4 տոկոսով են աճել: Սա իմ կարծիքով տապալված սոցիալական քաղաքականության վառ օրինակ է:
Ամբողջությամբ՝ tert.am