Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին:
Հարց- Պարոն նախագահ, ճգնաժամային այս իրավիճակում Ձեր արդեն երրորդ այցն է արաբական երկիր: Շատերին հետաքրքրում է՝ ինչու՞ եք ընտրում արտաքին քաղաքականության հենց այս ուղղությունը հենց այս պայմաններում:
— Նախ և առաջ ճգնաժամի ընթացքում, նույնիսկ պատերազմական օրերին միայն արաբական աշխարհ չեմ այցելել: Եթե հիշում եք՝ այցելություններ եղան Բրյուսել, որտեղ հանդիպումներ ունեցա Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, Եվրոպական խորհրդի նախագահի հետ: Հանդիպում ունեցա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ճիշտն ասած, բավականին ծանր զրույց ունեցա՝ հաշվի առնելով, որ պատերազմական գործողություններին բացահայտ մասնակցում էր ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ Թուրքիան:
Դրանից հետո այցելեցի Ֆրանսիա. հանդիպում ունեցա նախագահ Մակրոնի հետ, երկար և շատ բարեկամական զրույց ունեցանք: Հետադարձ ճանապարհին կես օրով այցելեցի նաև Կատար, որտեղ զրույց ունեցա էմիրի հետ՝ հաշվի առնելով նաև Կատարի հատուկ դերը Ծոցում և հարաբերությունները տարբեր երկրների հետ:
Հետո կարճ այցելություն ունեցա Էմիրություններ, և այս անգամ, զինադադարից հետո, Հորդանան:
Հորդանանի թագավորը մեր երկրի շատ լավ բարեկամն է, երկար տարիների իմ անձնական բարեկամն է, կասեի նաև, որ ընտանեկան բարեկամներ ենք: Ինչպես գիտեք, նա Հայաստան էր այցելել, և պատասխան այց պետք է լիներ: Շնորհակալ եմ Նորին Մեծությանը, որ զինադադարից հետո, երբ Հայաստանն իսկապես գտնվում է ծանրագույն իրավիճակում՝ ոչ միայն տնտեսական, ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, հրավիրեց ինձ այցելել Հորդանան: Սա ինչ-որ իմաստով նաև խորհրդանշական է: Հաշվի առեք, որ Հորդանանը հսկայական հեղինակություն ունի ողջ արաբական աշխարհում: Թագավորը և իր ընտանիքը Մուհամմեդ մարգարեի ուղղակի ժառանգներն են, նրա ազդեցությունը ողջ արաբական և ոչ միայն արաբական, այլև մուսուլմանական աշխարհում հսկայական է: Հետևաբար, այս այցելությունը ի ցույց է դնում մի շարք կետեր: Նախ և առաջ, որ այս պատերազմը երբեք չի եղել և չպետք է մեկնաբանվի որպես կրոնական պատերազմ: Հայաստանն ունի մեծ թվով բարեկամներ իսլամական աշխարհում, և մեր երկկողմ հարաբերությունները պետք է ուղղված լինեն դրանց բարելավմանը: Հորդանանը կարող է լինել այն միջնորդը, որը մեզ ավելի սերտ կկապի ողջ արաբական և իսլամական աշխարհի հետ: Երկար տարիներ մեր քաղաքականության հիմնական ուղղվածությունները եղել են դեպի Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Ռուսաստան, մնացածը կարծես երկրորդային էին՝ դիվանագիտություն ապահովելու գործիքներ՝ ՄԱԿ-ի ասամբլեայում կամ քվեարկությունների ժամանակ բարեկամ երկրներ ունենալ, որոնք ճիշտ կքվեարկեին․․․
Սակայն աշխարհը փոխվել է, այն անկանխատեսլի է: Այսօր կարիք ունենք բարեկամների շատ երկրներում:
Հարց- Ըստ Ձեզ՝ արտաքին քաղաքականության ի՞նչ բացեր ունեինք, որ կարող էին հանգեցնել պատերազմական այս իրավիճակին, կամ անխուսափելի՞ էր արդյոք սա:
— Կուզեի նախ և առաջ, ավարտել իմ միտքը: Աշխարհը փոխվել է, և նույնիսկ փոքր պետությունները, առանձին տարածաշրջանները դառնում են ավելի և ավելի կարևոր: Հետևաբար՝ մեր քաղաքականությունն, ըստ էության, պետք է շատ հստակ ուղղվածություններ ունենա, որոնք պետք է որոշվեն մեր ազգային և պետական շահերից: Իհարկե, կարևոր է, որ մենք հարաբերություններ ունենանք Ինդոնեզիայի նման երկրի, Մալայզիայի կամ Վիետնամի հետ, որովհետև նրանք ՄԱԿ-ի անդամներ են և այլն: Սակայն ինչպե՞ս ենք բացատրում այն, որ այսօր դիվանագիտական հարաբերություններ չունենք մեր տարածաշրջանի, ինչպես նաև իսլամական աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ: Հարաբերություններ չունենք նույն տարածաշրջանի ամենակարևոր երկրներից մեկի՝ Պակիստանի հետ: Բացատրությունը, թե՝ եթե Պակիստանի հետ հարաբերություններ ունենանք, ապա Հնդկաստանը կնեղանա, մանկամիտ է և միամիտ: Մենք մոտ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ, և նման օրինակները շատ են: Սա է հենց բուն դիվանագիտության իմաստը, որ դու պետք է կարողանաս փոխված բանաձևով քո բոլոր հակառակորդներին, նույնիսկ թշնամիներին մոտ լինես կամ մոտիկից իմանաս, բայց քո բարեկամների հետ պետք է շատ մոտ լինես: Եվ տվյալ պահին դիվանագիտությունը մեզ թելադրում է, որ մեր պարտականությունն է ակտիվ դիվանագիտություն վարել Ծոցում, արաբական աշխարհում, իսլամական աշխարհում, որի դերը բարձրանում է: Հորդանանը, ինչպես արդեն նշեցի, շատ կարևոր դեր ունի: Այն փոքր է, բայց հսկայական ազդեցություն ունի՝ և՛ երկիրը, և՛ իհարկե թագավորական ընտանիքը:
Ես չէի ցանկանա այսօր Ձեզ հետ քննարկել ընդհանրապես մեր դիվանագիտական բացթողումները, հաջողությունները, հաղթանակները կամ դիվանագիտական պարտությունները: Ասել եմ արդեն, որ մենք պարտություն ենք կրել ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտական, հանրային կարծիքի, տեղեկատվական դաշտերում և բազմաթիվ այլ պարտություններ, որոնցից պետք է համապատասխան հետևություններ անենք:
Ինչ վերաբերում է բուն Հորդանանին, ապա Նորին Մեծությունն առանձնահատուկ վերաբերմունք ցույց տվեց, որովհետև այս պահին, հաշվի առնելով կորոնավիրուսը, շատ պաշտոնական այցեր չեն լինում։ Իրապես շատ բարձր մակարդակի պաշտոնական այց է: Մենք հարցերի լայն շրջանակ քննարկեցինք՝ և՛ միջազգային օրակարգի, և՛ տարածաշրջանի, և՛ մեր հարևանների, և՛ ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված:
Ուրախալի է, որ այս բոլորն արվում է մեր մյուս բարեկամների հետ համաձայնեցված: Մի քանի օր առաջ, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում էր, մենք խոսեցիքն իմ այցելության մասին։ Հենց նույն օրը՝ իմ այցելության ժամանակ, պարոն Լավրովը խոսեց Հորդանանի արտաքին գործերի նախարարի հետ, և քննարկեցին տարածաշրջանը: Հետևաբար, մեր արտաքին քաղաքականության մեջ էական է, որ մեր ամենակարևոր գործընկերների, առաջինը՝ Ռուսաստանի, ու մեր մնացած բարեկամ երկրների հետ դիվանագիտական և քաղաքական, հանրային ու գործնական հարաբերությունները համակարգված լինեն, որ մեկը մյուսի հաշվին չլինի, այլ հակառակը՝ մեր բոլոր բարեկամներին հավաքենք մեկ տեղ:
Կարող եմ ասել, որ վերջին մեկուկես, երկու տարվա ընթացքում ես արել եմ ամեն ինչ, որպեսզի նաև իմ անձնական հարաբերությունները Կատարի էմիրի և նրա ընտանիքի հետ, Մուհամմադ բին Զայեդի՝ Միացյալ Արաբական էմիրությունների ղեկավարի հետ, Քուվեյթի ղեկավարության հետ և նույնիսկ Սաուդյան Արաբիայի թագավորության հետ վերածեմ կառուցվածքային, պետական հարաբերությունների, այսինքն՝ փոխանցվի ինստիտուտին և ոչ թե մնա անձնավորված, որ երբ վաղն արդեն նախագահ չեմ լինի, ինձ հետ այդ հարաբերությունները չհեռանան: Մենք կարող ենք և պետք է բարեկամ լինենք երկու երկրների հետ, որոնք իրար հետ այս պահին ունեն լարված հարաբերություններ: Դրա փայլուն օրինակը հենց Միացյալ Արաբական Էմիրությունները և Կատարն են: Երկուսն իրար շատ մոտ, բայց այսօր մեծ լարման մեջ ապրող պետություններ են, բայց ես երկուսի հետ եմ անձնապես բարեկամություն անում, երկուսի հետ էլ այսօր փորձում ենք շատ բարեկամական, պետական մակարդակի հարաբերություններ ստեղծել, որը, իհարկե, շատ հանգիստ ընդունվում է երկու պետությունների ղեկավարների կողմից: Հայաստանն այն քիչ պետություններից է, որ երկուսի հետ էլ շատ ջերմ հարաբերություններ ունի:
Հարց- Հանրության մի լայն շերտ կարծում է, որ Դուք հավակնություններ ունեք՝ վարչապետ դառնալու, մի շերտ էլ հենց ինքն է առաջադրում Ձեր թեկնածությունը՝ ելք գտնելու համար: Դուք այդպիսի հավակնություններ ունե՞ք:
— Վարչապետ եմ եղել 25 տարի առաջ և, երբ վարչապետ էի, երիտասարդ էի, գիտեի՝ ինչ եմ ուզում, հստակ ծրագիր ունեի։ Բայց Աստծո կամքն էր՝ որոշ ժամանակ վարչապետ լինելուց հետո ստիպված մեկուկես տարի անցկացրի հիվանդանոցում՝ բուժվելով շատ ծանր հիվանդությունից, և բախտավոր եմ, որ այսօր ձեզ հետ եմ այստեղ:
Նախ՝ հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող է: Ես Հանրապետության նախագահն եմ և, նույնիսկ խորհրդարանական երկրում, նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները շատ-շատ սահմանափակ են, նախագահն ունի որոշակի հստակ պարտականություններ և հնարավորություն՝ աջակցելու համար: Նախագահական ինստիտուտն այն հարթակը պետք է լինի, որ ճգնաժամային պայմանների դեպքում, որն ունենք այսօր, օգտագործվի և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից, որպեսզի առճակատումը փողոցից գա սեղանի շուրջ: Մենք խոսում ենք, որ Ղարաբաղի հարցի լուծման համար լավագույնը Մինսկի խմբի հարթակն է, որովհետև դիվանագետները, պետության ղեկավարները գալիս էին և բանակցում սեղանի շուրջ՝ հակադրելով դա պատերազմին: Հիմա մեր երկրի ներսում նույնն ունենք: Ճշմարտությունը գտնելու համար պետք չէ անպայման փողոց դուրս գալ:
Երկրորդը՝ այդ ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով: Կարծում եմ՝ Հայաստանում մենք ունենք իրապես խորը ճգնաժամ, և թե ինչու փողոցում 100 կամ 200 հազար մարդ չկա, պարզ վերլուծությամբ կարող ենք հասկանալ: Սակայն ունենք ճգնաժամ ոչ միայն Հայաստանում. ընդհանրապես, ողջ հայ ժողովրդի համար բարոյահոգեբանական խորը կորստի ճգնաժամ է: Դա կա ցանկացած հայի մոտ, և ինքներդ համոզվեցիք նաև Հորդանանում, նույնն է նաև Մոսկվայում, Կալիֆորնիայում: Ունենք տնտեսական և քաղաքական ճգնաժամ Հայաստանում և ունենք ընդհանրապես Հայաստանի հետ կապված ճգնաժամ դրսի հետ՝ միջազգային հարաբերություններում, որովհետև մեր երկրի և մեր ազգի կերպարն ու պատկերը շատ դրական չէ ներկայումս: Մենք տանուլ ենք տվել նաև հանրային պատերազմը, և հետևաբար, եթե 1994 թվականին ունեինք աշխարհ, որը շատ բարյացկամ էր վերաբերվում մեզ, մեր խնդիրներին և ղարաբաղյան պայքարին, ապա այսօր այդպես չէ, որովհետև մեր հակառակորդները տարիներով նպատակաուղղված աշխատել են, իսկ մենք այդ գործը չենք արել:
Հետևաբար, Հանրապետության նախագահը շատ անելիք ունի և չի մտածում վարչապետ լինելու մասին, պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել և իր ներդրումը բերել: Իմ խնդիրը ուրիշ տեղ է: Ես կարծում եմ, որ իմ ներուժի ընդամենը 5, 10 տոկոսն եմ կարողանում օգտագործել իմ երկրի համար՝ լինի դա սահմանադրական սահմանափակումների պատճառով, լինի դա համագործակցության հանդեպ իմ գործընկերների ոչ բաց լինելու պատճառով․․․ Հիմնական պատճառները սրանք են, կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել և՛ միջազգային հարաբերութուններում, և՛ միջազգային տնտեսական, և՛ ներդրումային, և՛ մշակութային, և՛ դիվանագիտության ոլորտներում, բայց անում եմ շատ քիչ: Դա ինձ համար բավականին ծանր է, որովհետև ուզում եմ աշխատել, իհարկե, աշխատում եմ, բայց կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել:
Ամբողջությամբ՝ tiv1.am