Այսօր մինչև 18։00-ն այն ժամկետն է, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները պետք է լքեին իրենց բնակայրերը։ Ներկա պահին այդ բնակավայրերում դեռևս հայ ընտանիքներ կան, որոնք ասում են, որ չեն պատրաստվում դուրս գալ։ Բնակիչների մեծ մասը դուրս են եկել, այսօր Բերձորում որոշ ընտանիքներ հեռանալուց առաջ այրել են իրենց տները։
Նշենք, որ ըստ Արցախի մասին ստորագրված փաստաթղթի՝ Լաչինի շրջանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը պետք է անցնի Ադրբեջանին, սակայն հանձնվելիք համայնքների ցանկում Բերձոր քաղաքը ներառված չէ։ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն ավելի վաղ ասել էր, որ մարդիկ անվտանգության նկատառումներից ելնելով էին լքում համայնքը։ Այնուհետև Արցախի նախագահը մարդկանց կոչ էր արել մնալ Բերձորում և չլքել այն։ Այսօր տեղեկություն է ստացվել, որ Բերձորում ընդամենը 200 անձ պետք է մնա՝ որպես ռուս խաղաղապահներին սպասարկող անձնակազմ։
Լրագրող Արման Ղարիբյանը Բերձորից մանրամասներ փոխանցեց Lragir.am-ին։
«Երեկ ինձ հետ զրույցում վարչակազմի ղեկավարն ասել է, որ մարդիկ մնում են, բայց այսօր ասաց տեղում չէ, շրջում է գյուղերում, որպեսզի համոզվի՝ մարդիկ ազատե՞լ են գյուղերը։ Ես հանդիպեցի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանին, նա ասաց, որ երեկ իրենց մոտ նախարարն է եկել ու ասել, որ այդ երեք համայնքները մնալու են հայկական։ Բայց այսօր առավոտյան նույն նախարարությունից զանգ են ստացել, ասել են՝ մինչև ժամը 18։00-ն խաղաղ բնակչությունը պետք է դուրս գա։ Միայն 200 հոգի կարող է մնալ Բերձորում՝ որպես սպասարկող անձնակազմ։ Այդ 200 հոգանոց ցուցակը տվել են ռուս խաղաղապահներին, որ նրանք անցագրեր թողարկեն այդ անձանց համար»,- ասաց նա։
Արման Ղարիբյանի տեղեկացմամբ՝ վարչակազմում տեղյակ չեն՝ ադրբեջանցիները երբ են մտնելու այդ համայնքներ։ «Վարչակազմի աշխատակիցներն ասում են, որ իրենք մնալու են այստեղ այնքան, քանի դեռ ադրբեջանցիները չեն մտել շրջան»,- հավելեց նա։ Ըստ Ղարիբյանի՝ այսօր կեսօրի դրությամբ Աղավնոյում կար 6 ընտանիք, որոնք ասում էին, որ չեն լքելու գյուղը։ «Աղավնոյում տները չէին այրում այն հույսով, որ վերադառնալու են։ Իսկ Բերձորում այսօր մի քանի տներ են այրել մարդիկ։ Վարչակազմի աշխատակազմի ղեկավարն ինձ ասաց, որ Բերձորում կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ասել են՝ դուրս չենք գալու, որովհետև գնալու տեղ չունենք, թող ադրբեջանցիները գան, տեսնենք ինչ են ասելու»,- նշեց նա։
Կամավոր Հակոբ Նիկոյանը, ով ընկերների հետ այս օրերին աջակցում է Քաշաթաղի շրջանի բնակիչներին բեռների տեղափոխման հարցում, Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ շարունակում են մարդկանց տեղափոխման հարցերը կազմակերպել։ Ըստ նրա՝ կան մարդիկ, որ դեռ շարունակում են մնալ Բերձորում։
Քանի որ Բերձորը հիմնականում բնակեցված է Հայաստանի բնակիչներով, նրանք տեղափոխվում են Հայաստանի մարզեր։ Բայց շատ մարդիկ կան, որ գնալու տեղ չունեն, տեղեկացրեց նա։
«Ռուսները արդեն եկել են, Բերձորի քաղաքապետարանի գլխից դրոշը հանել են, տվել են քաղաքապետին։ Ասել են, կարող են ոմանք մնալ, որովհետև ռուսներին պետք է սպասարկող բրիգադ։ Ասում են՝ ադրբեջանցիները չեն գալու, առայժմ ռուսներն են մնալու այստեղ, այլ մանրամասներ չգիտենք»,- փոխանցեց նա։