Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. կաշխատի որպես փոխմարզպետ
Advertisement 1000 x 90

Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. կաշխատի որպես փոխմարզպետ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին Մեխակյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի Արմավիրի մարզում, որպես մարզպետի տեղակալ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել»,- գրել է Մեխակյանը:

Արգիշտի Մեխակյանը հավաստիացրել է, որ իր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ հայրենիքի ու հայ ժողովրդի:

«Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ: Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ։ Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»,- նշել է Մեխակյանը:



Նման նյութեր