Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն օգնել են գտնել և տուն վերադարձնել ԼՂՀ երկու բնակիչների, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին խաղաղապահ զորակազմի մամուլի կենտրոնից, նոյեմբերի 30-ին տեղեկություն են ստացել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատրյան Ռամիդի անհետացման մասին։
Ռուսական կողմի հայտով հաջողվել է պարզել, որ ադրբեջանական ԶՈւ-ն հայերին բռնել են Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
Ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն ադրբեջանական կողմի հետ բանակցություն է վարել, որի ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը: Այսօր Համբարձումյան Ադեմնիկն ու Խաչատրյան Ռամիդը ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը:
ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։
Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:
Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: