Հայաստանում անցկացվող «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ամփոփվեց դասական համերգով: Ուղիղ երեք օր՝ դեկտեմբերի 7-9-ը հայ արվեստասեր հասարակությունը բացահայտում էր լեհական մշակույթն իր ողջ հմայքով:
«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում Դալան ցուցասրահում անցկացվեց Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսը, որը տրամադրել էր Royal Łazienki Museum-ը։ Ցուցադրվեց նաև Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ» ֆիլմը։ Տեղի ունեցավ նաև Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։ Այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» և Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարները։
Միջոցառումների գագաթնակետը Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կազմակերպված լեհական դասական երաժշտության համերգն էր։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ Armenia լարային քառյակը՝ Աստղիկ Վարդանյանի (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանի (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանի (ալտ), Հակոբ Աթյանի (թավջութակ), լեհ դաշնակահար Կուբա Մատուժակը, ինչպես նաև քառյակի ընկեր երաժիշտները կատարեցին Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։
Ամբողջը՝ news.am