Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, ովքեր տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ԳԱԼԱ-ին հայտնեցին, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել եւ ճանաչել են իրենց հարազատ երիտասարդներին, ովքեր գերեվարվել են ադրբեջանական ԶՈւ կողմից:
Քիչ առաջ մարզի բնակիչները հանդիպել են մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել գերիներին վերադարձնելու ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ, գերիների հարազատները Ճանապարհներ են փակել մարզի տարբեր համայնքներում՝ Քեթիում, Ազատանում, Աշոցքում: Բողոքող բնակիչները հայտնել են, որ գերիներ կան Շիրակի մարզի տարբեր գյուղերից՝ Քեթիից, Ազատանից, Զույգաղբյուրից, Մուսայելյանից, Սալուտից, Վարդաղբյուրից եւ այլն:
Մարզպետը հայտնել է, որ ամենաբարձր մակարդակով քայլեր են ձեռնարկվում տղաներին վերադարձնելու ուղղությամբ: Սակայն պատասխանը չի բավարարել հարազատներին: Նրանք պահանջում են, որ ժամ առաջ համապատասխան մարմինները քայլեր ձեռնարկեն:
Նշվում է, որ գերեվարված երիտասարդները հիմնականում ՄՈԲ ռեսուրսից են: Հարազատները հայտնել են, որ նրանք հսկել են Լիսագորի, Խծաբերդի, Հին Շենի եւ այլ գյուղերի պաշտպանական բնագծերը:
3 օր հեռաձայնելուց եւ տեղեկություն չունենալուց հետո, հարազատները տղաներին տեսել են ադրբեջանական տեսանյութերում: