Ստեփանակերտի օդանավակայանի բացումը նախատեսված է դեկտեմբերի 25-ին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի կառավարության աղբյուրը։
«Տարածքն ամբողջությամբ ականազերծված է, իսկ օդանավակայանը ինժեներական և տեխնիկական տեսանկյունից լիովին պատրաստ է աշխատել բնականոն ռեժիմով»,- հայտնել է աղբյուրը:
Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն վերանորոգվել և պատրաստ էր ինքնաթիռներ ընդունել 2012 թվականին: Սակայն Բաքվի հակազդեցության պատճառով օդանավակայանն այդպես էլ չգործեց։ Իրավիճակը փոխվել է եռակողմ համաձայնագրի կնքումից և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո։
Ավելի վաղ նշվում էր, որ ռուսաստանցի խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքներն իրականացվել են առանց ընդհատման, սակայն դրա բացման կոնկրետ ժամկետ չէր նշվել:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։