ՀՀ Ազգային ժողովի՝ օրերս մանդատ ստացած և «Իմ քայլը» իշխանական խմբակցությունից հրաժարված պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Արձագանքելով մեկ միասնական մանդատ ստացած քաղաքական ուժի՝ երեկ տարածած հաղարդագրությանը՝ բացատրում եմ․
- Թե ում և ինչ մանդատով եմ լինելու պատգամավոր, կարելի է պարզել՝ պարզապես այցելելով Սյունիք և սահմանամերձ դարձած 57 բնակավայրեր։ Երևանյան գրասենյակներում երևակայությանը զոռ տալով դա հազիվ թե հնարավոր լինի հասկանալ,
- Մանդատս վերցրել եմ օրեր առաջ, նախորդ տարիներին չեմ եղել պատգամավոր, չեմ հանդիսացել քաղաքական իշխանության մաս, չեմ մանակցել որոշումների կայացմանը և այժմ էլ, վերցնելով մանդատը, չեմ կարող գտնվել մի քաղաքական թիմի ներսում, որի գործողությունները հանգեցրել են աղետալի հետևանքների,
- Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է իբրև ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ ժողովրդից թաքուն կնքած բանավոր գիշերային համաձայնություններին և GPS-ով Հայաստանի գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը, որոնք իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը նազանքով անվանում է «հայտնի իրադարձություններ»։
Ինքս զերծ եմ մնում նշյալ միասնական մանդատը ստացած ուժի քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով դաշինքին քվե տված քաղաքացիներին։
Տարածված հաղորդագրությամբ ապացուցվում է, որ հասարակության պառակտումը, սևերի և սպիտակների բաժանումը, կարծես, նորից ակտուալ է դարձել հուվարի 11-ին սպասվող ևս մի «հայտնի իրադարձությունից» առաջ։
Եթե ստացած մանդատը իշխող ուժի ներկայացուցիչն իսկապես համարում է ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր, ապա առնվազն այժմ երկրի իշխանությունները պիտի հաշվետու լինեն, թե ինչ օրակարգով է վարչապետը գործուղվելու Մոսկվա և ինչ փաստաթղթեր են այդ օրը լինելու սեղանին։ Հակառակ դեպքում, մանդատի և ժողովրդի իշխանության մասին արված պնդումները ոչ այլ ինչ են, քան ժողովրդի զգոնությունը թմրեցնելու միջոց։