Գործող վարչակազմի հեռացման պահանջը, որքան էլ քաղաքական հնչի, կենսական անհրաժեշտություն է. կշեռքի մի նժարին մեր պետականության, հայրենիքի գոյության, մյուս նժարին չգոյության խնդիրն է․ Սերժ Սրապիոնյան. tert.am
Advertisement 1000 x 90

Գործող վարչակազմի հեռացման պահանջը, որքան էլ քաղաքական հնչի, կենսական անհրաժեշտություն է. կշեռքի մի նժարին մեր պետականության, հայրենիքի գոյության, մյուս նժարին չգոյության խնդիրն է․ Սերժ Սրապիոնյան. tert.am

Մտավորականներս, մշակութային գործիչներս ուզում ենք մեր ժողովրդին իրադրությունը շատ ավելի պարզ ներկայացնել՝ պատկերացնելու համար, որ այն շարժումը, որը սկսվել է 17 կուսակցությունների կողմից, ունի ընդգծված քաղաքական մոտեցում, այդ պահանջների զգալի մասի հետ համակարծիք ենք, գլխավորը՝ գործող վարչակազմի հեռացումն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ խոսելով մշակութային գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մասին, որը կապված է երկրում առաջացած խնդիրների հետ:

«Գործող վարչակազմի հեռացման պահանջը, որքան էլ քաղաքական հնչի, այնուամենայնիվ, կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար: Սրա համար որոշեցինք բարձրացնել «Ձայն հայրենյաց», որպեսզի հասկացնենք, որ այստեղ կուսակցություն, քաղաքականություն, աթոռակռիվ արտահայտությունները բոլորովին տեղին չեն: Այսօր այստեղ, դժբախտաբար, կշեռքի մի նժարին մեր պետականության, մեր հայրենիքի գոյության և չգոյության խնդիրն է և հետևաբար, մտավորականների մի ստվար խումբ, որն անհանգստացած է երկրի գալիքով, այսպիսի նախաձեռնություն է սկսել, տեսնենք՝ ուր կհասնենք»,- ասաց նա:

Ըստ գրականագետի՝ կան մոլորյալներ, հակասող կարծիքներ ունեցողներ, և մտավորականության պարտքն առաջին հերթին այն է, որ կենսական, ճշմարիտ գաղափարներ հասցնի հասարակությանը՝ առանց ատելության քարոզի, առանց ծայրահեղ քայլերի, բայց նույն ժամանակ՝ սխալներն ակնհայտ մատնանշելով:

Համահայկական փառատոնների ղեկավար Սամվել Հարոյանը նշեց, որ նախաձեռնությունն ավելի վաղ 4 կետանոց հայտարարությամբ է հանդես եկել, որին միացել է 100-ից ավել մտավորական, որոնք իրենց ստորագրությունն են տվել, իսկ հունվարի 12-ին արդեն նոր հայտարարությամբ հանդես կգան:

Հարոյանի խոսքով՝ այն որակումը, թե մշակութային գործիչները խուսափում են ասել, որ իրենց պահանջը քաղաքական է, տեղին չէ, և եթե երկիր կորցնելու հարցն է առաջ եկել, ապա պետք է բոլորը խաղաղության և հանգստության մասին մտածեն:

Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը դավաճանություն համարեց այս գործընթացին մասնակից չլինելը: «Երկրիս վարչապետն իր լկտի խմբով 44 օր շարունակ մեզ համոզում, ոգեշնչում էր այն փաստերով, որ մենք հաղթում ենք, սա ծրագրի մի մասն էր, այն է՝ Արցախը տալ թուրքերին»:

tert.am