Կառուցելու ենք քաջ հայորդիների երազանքների երկիրը և երբեք չենք հրաժարվի նրանց արյունով պահպանված Հայրենիքի որևէ հատվածից. Վ․ Վարագյանը՝ «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության մասին
Advertisement 1000 x 90

Կառուցելու ենք քաջ հայորդիների երազանքների երկիրը և երբեք չենք հրաժարվի նրանց արյունով պահպանված Հայրենիքի որևէ հատվածից. Վ․ Վարագյանը՝ «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության մասին

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նոր նախաձեռնություն սկսելու մասին։ Գրառման մեջ ասվում է․

«Քանի որ այս պահին պետություն չկա, Համալսարանը պետք է իր վրա վերցնի պատերազմում նահատակված տղաների հիշատակի հավերժացումը:

Այս պատերազմը ծանր կորուստներ և հետևանքներ ունեցավ մեր երկրի և ժողովրդի համար: Հետպատերազմյան շրջանում ու հատկապես վերջին օրերին զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքների շուրջ տիրող իրավիճակը այլևս անտանելի է: Այն ընտանիքները, որտեղ մեծացել և դաստիարակվել են մեր նահատակները, պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Տղաներն ընտրել են գիտակցված մահը, որպեսզի մեր Հայրենիքը հարատևի: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ տղաները զոհվել են ոչ թե «հանուն ՈՉՆՉԻ», այլ՝ հանուն մեր Երկրի, հանուն մեր ապագայի: Ես անձամբ պատերազմի օրերին Արցախում տեսել եմ թե ապագայի հանդեպ ինչպիսի հավատով և հայրենիքի հանդեպ ինչպիսի սիրով են այդ տղաները նետվել մարտի:

Երևանի պետական համալսարանը նույնպես մեծ կորուստներ ունեցավ այս պատերազմում: Զոհվել կամ անհետ կորել են շուրջ 100 համալսարանականներ: Համալսարանական գործընկերների և ուսանողների հետ որոշել ենք ստեղծել «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը: Այցելելու ենք այդ ընտանիքներին, լսելու ենք իրենց զավակների և հայրերի կյանքի պատմությունը, նրանց երազանքների և նպատակների մասին, այդ ամենը հանրայնացնելու ենք, փոխանցելու ենք մեր ժողովրդին, պահպանելու ենք գալիք սերունդների համար: Այցելելու ենք՝ հավաստիացնելու, որ մենք գնալու ենք իրենց անմահացած զավակների նպատակների և երազանքների հետևից: Մենք կառուցելու ենք քաջ հայորդիների երազանքների երկիրը և երբեք ու երբեք չենք հրաժարվելու մեր տղաների արյունով պահպանված Հայրենիքի որևէ հատվածից:

Եվ ինչպես սիրում էր Սպարապետի խոսքերն անընդհատ կրկնել Արցախում անմահացած մեր մարտական ընկեր, ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանը՝ «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի Հայրենիքին»: Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք»:

 



Նման նյութեր