Կոռեկտ չեն այն քննարկումները՝ Շուշին հայկական, ռուսական կամ չգիտեմինչական քաղաք է, կա հայտնի պատմական փաստ՝ Շուշին եղել է հայկական մշակութային հանրահայտ կենտրոնը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով:
«Ընդամենը 100 տարվա մեջ բնակչության կազմը փոխվել է Շուշիում, այսինքն՝ բնակաչության բաղադրությունը տարբեր ժամանակներում տարբեր են եղել: Եղել են ժամանակներ, երբ հայերն են ավելի շատ եղել, եղել են ժամանակներ, որ հավասար են եղել, եղել են ժամանակներ, երբ նրանց թիվն է եղել ավելի շատ, երեք ամիս առաջ Շուշիում 100 տոկոս հայ բնակչություն էր: Այսինքն՝ տարբեր ժամանակներ ազգաբնակչության կառուցվածքը փոխվել է, բնակչությունով չեն քաղաքի պատկանելիությունը որոշում, մի բան պարզ է, որ այն եղել է հայկական մշակութային կենտրոն, պատմություն պետք է իմանալ, հո ասելով չէ՞»,- շեշտեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նախորդ դարի սկզբին Շուշիում հրատարակվել են 14 պարբերականներ՝ ամսագրեր, թերթեր և այլն, 10-12 եկեղեցիներ ենք ունեցել, թանգարաններ ենք ունեցել: «Նույնիսկ հիմա շատ գեղեցիկ երկու թանգարան ունեցանք, ու ափսոս է, որ չհասցրին նմուշները դուրս բերել»:
Հարցին՝ թերացո՞ւմ կա ղեկավարության կողմից, որ նույնիսկ պատմամշակութային արժեքները դուրս չբերվեցին, նա արձագանքեց. «Ամենամեծ թերությունն այն էր, թե ինչու պետք է մենք այդ իրավիճակին հասցնեինք: Շուշին պետք էր պաշտպանել, ոչ մի ձևով չպետք է հանձնվեր թշնամուն, այստեղ, իհարկե, ամենամեծ մեղավորությունը պետությանն է»:
Ինչ վերաբերում է նրան, թե ստեղծված իրավիճակում, երբ ունենք տարածքային կորուստներ, մշակութային կորուստներ, Ակադեմիայի անելիքը ո՞րն է, նա նշեց. «Ակադեմիան պետք է լուրջ ուսումնասիրություններ անի այդ տարածքների պատմական անցյալը, նրա դեմոգրաֆիական փոփոխությունները, ազգաբնակչության բաղադրության զարգացման տարբեր էտապները վերլուծելու համար: Մեր հանրությանը, աշխարհի հանրությանը ներկայացնի ռեալ գիտական հիմնավորված փաստեր, տաբեր հարցերի՝ մշակույթի, բնակչության, տնտեսության և այլնի մասին»: