Դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները, որոնց իրագործման արդյունքում կբարձրանան մասնավոր հիվանդանոցների, ԲՈՒՀ-երի և մասնավոր դպրոցների հարկային մուտքերը, որի արդյունքում այդ կազմակերպությունների ծառայությունները շուրջ 20 տոկոսով բարձրանան։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ նախ պետք է հասկանանք, թե ինչու 2020 թ․-ին ունեցանք հարկային մուտքերի գրեթե երկնիշի հասնող անկում։
«Կարծում եմ, սա այն դեպքում էր հնարավոր, երբ մեր տնտեսությունը այդ չափով, այսինքն, երկնիշին մոտ անկում է գրանցել։ Այս պատճառները և խնդիրները պետք է հասկանալ, քանի-որ ցանկացած պարագայում հարկային բեռի ավելացումը նշանակում է ապախթանել տնտեսական ակտիվությունը։ Հիմնական պատճառը թերևս պետական կառավարման համատարած ձախողումներն են ու պոպուլիստական մոտեցումները։ Այսինքն, խոստացան տնտեսական հեղափոխություն, տնտեսական հրաշքներ, առաջանցիկ աճ, բայց ունեցանք փաստացի հակառակը, 3 տարիներին ունեցանք գրեթե զրոյական ՀՆԱ-ի աճ և նաև պետական բյուջեի ծախսերի այնպիսի անհաշվեկշռվածություն, որ հանգեցնում է հարկային բեռի ավելացման»։
Նա ընդգծեց, որ այս իրավիճակում կառավարությունը գնում է հակասոցիալական ճանապարհով, որը իրենք որդեգրել էին ի սկզբանե։ «2020 թ․-ին եկամտահարկը համահարթեցրին ու միլիարդավոր դրամի մուտքներ կորցրին՝ բարձր եկումուտներ ունեցողների հարկերը նվազեցնելով։ Դրանից հետո ավելացրին անուղղակի հարկերը, գույքահարյկը, որից տուժողը ցածր եկամուտ ունեցողներն են և սովորական քաղաքացիները։ Հիմա էլ անուղղակի հարկ են ավելացնում՝ այն էլ այնպիսի ոլորտներում, որոնք ամենամեծ հանրային պահանջարկն ունեն, ինչպես օրինակ, առողջապահության ոլորտում է։
Սա այն պարագայում, երբ մենք դեռ համավարակը չենք հաղթահարել։ Մեկ օրինակ բերեմ, եթե ԿՏ հետազոտությունը 25 հազար դրամ է, հիմա կդառնա 30-35 հազար։ Միաժամանակ, հարկային բեռ են ավելացնում կրթության ոլորտում։ Մինչդեռ, ցանկացած ընտանիք կարող է առնչություն ունենալ թե առողջապահական ծառայությունների, թե կրթության բնագավառի հետ։ Այս ոլորտները մինչև հիմա գործում էին ԱԱՀ-ով, սա նաև սոցիալական բաղադրիչ ուներ՝ հաշվի առնելով ոլորտների կարևորությունը, առողջապահական ու կրթական ոլորտների ծառայությունների հասանելիության անհրաժեշտությունը։ Հիմա մի կողմից ասում ենք պետք է խթանենք կրթությունը, ստեղծենք գիտելիքահենք տնտեսություն, մյուս կողմից՝ փաստացի հարկ են ավելացնում։ Մի կողմից այդ ծառայությունների մատչելիությունից են խոսում, մյուս կողմից հարկ են բարձրացնում։ Դրան էլ գումարած գնաճը, որը ենթադրում է, որ այդ ծառայությունների մատչելիության կորուստ կունենաք»։
Նա ընդգծեց, որ սա տեղի է ունենում այն պարագայում, երբ եկամուտների ավելացում գրեթե տեղի չի ունեցել։ Այդ ավելացումը չնչին է, որն էլ խժռում է առաջին անհրաժեշտության ապրանքների ավելացումը, ինչը կազմում է շուրջ 10 տոկոս, այն պարագայում, երբ մասնավոր հատվածում միջին աշխատավարձն ավելացել է 2-3 տոկոսով։ Այսինքն, եկամուտները չեն ավելանում, մինչդեռ ծախսերը ավելանում են»։