Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Մարտունու մասնաճյուղի կառավարիչը կասկածվում է բանկից խոշոր չափի ԱՄՆ դոլարին համապատասխան գումարներ հափշտակելու մեջ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Մարտունու մասնաճյուղի կառավարիչը կասկածվում է բանկից խոշոր չափի ԱՄՆ դոլարին համապատասխան գումարներ հափշտակելու մեջ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ Ոստիկանությունան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ ընկերության Մարտունու «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ 54-ամյա Արարատ Խաչատրյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Ա․Խաչատրյանը, օգտագործելով իր պաշտոնը, փաստաթղթեր կեղծելու եղանակով, յուրացրել է հաճախորդների կողմից ներդրված ավանդների մի մասը։

Քրեական ոստիկանության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ 2017 թվականի հունվարի 19-ին և 2020 թվականի հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզի բնակչուհի 64-ամյա Քնարիկ Մ․-ն «Մարտունի» մասնաճյուղում ավանդի պայմանագրով իր կողմից ներդրել է 170․000 ԱՄՆ դոլար և 50․000 ԱՄՆ դոլար։ Այդ գումարներից մասնաճյուղի կառավարիչ Ա․Խաչատրյանը, փաստաթղթեր կեղծելու եղանակով, ելքագրել է ընդհանուր 120․000 ԱՄՆ դոլար և տոկոսագումարների հետ այն հափշտակել է։

Պարզվել է նաև, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Հուսիկ Հ․-ն 2018 թվ․-ի հոկտեմբերի 23-ին և 2019 թվականի մայիսի 6-ին նշված մասնաճյուղում ավանդի պայմանագրերով իր կողմից և իր քրոջ ամուսնու Կարեն Ն․-ի անվամբ ներդրել է համապատասխանաբար 200․000 ԱՄՆ դոլար և 150․000 ԱՄՆ դոլար, ու այդ գումարներից  Ա․Խաչատրյանը, փաստաթղթեր կեղծելու եղանակով, ելքագրել է ընդհանուր 150․000 ԱՄՆ դոլար և տոկոսագումարների հետ այն հափշտակել է։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Ոստիկանությունը փնտրում է «Հայէկոնոմբանկ»-ի Մարտունու մասնաճյուղի կառավարիչ Ա․Խաչատրյանին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com