Armeniasputnik.am-ը գրում է.
Ներկայում Սոսին աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։
Երևանի Բաղրամյան պողոտայում մարտի 1-ի երեկոյան գրանցված ողբերգական վրաերթի հետևանքով մահացել է 35-ամյա լրագրող, սցենարիստ, մի շարք հիթերի հեղինակ Սոսի Խանիկյանը։
Սոսին սովորել էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, աշխատել ու թղթակցել տարբեր լրատվամիջոցներում։ Տարիներ շարունակ Սոսին համագործակցում էր Հանրային հեռուստաընկերության հետ որպես հաղորդաշարերի, հեռուստաֆիլմերի սցենարիստ ու խմբագիր։
Նա Երևանին նվիրված «Քաղաքը» ֆիլմաշարի հեղինակն ու սցենարիստն էր, նաև 2019 թվականին նկարահանված «Վարդապետը» 4-մասանի վավերագրական ֆիլմի սցենարիստն ու խմբագիրը։ Ֆիլմը նվիրված էր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին ։
Սոսին նաև մի շարք երգերի խոսքերի հեղինակն է, այդ թվում` «Boom, boom» երգի, որով երգչուհի Էմմին ներկայացավ Եվրատեսիլում, նաև Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերն էր հեղինակել նա։ Պատերազմի օրերին այս երգը դարձավ արցախյան պայքարի խորհրդանիշը, իսկ այս օրերին այն կարելի է լսել Բաղրամյան պողոտայում՝ Հայրենիքի փրկության շարժման բեմից։ Սոսիի ողբերգական մահվան օրը ևս Խանաղյանի երգը հնչում էր Բաղրամյանում։
Սոսին ինքն էլ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ուներ, նա ևս պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մտերիմների խոսքով՝ չարաբաստիկ վրաերթի օրն էլ նա Բաղրամյանի պողոտային հանրահավաքից տուն էր վերադառնում։
Ներկայում Սոսին աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։
Ընկերներն ու գործընկերները նրա մասին հիշելիս առաջին հերթին ասում են «լույս աղջիկ»․Սոսին կենսուրախ էր ու կենսասեր, բարեսիրտ։ Նրան բնորոշում են որպես բազմակողմանի զարգացած, տաղանդավոր ու սկզբունքային մարդ։ Սոսի Խանիկյանն ամուսնացած չէր։
Հիշեցնենք՝ ողբերգական վրաերթը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ երեկոյան 20։20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում։ 31-ամյա Տիգրան Բոշյանն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել աղջկան։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։