Վերջին 1,5 տարում հայկական 4 ավիաընկերություն դուրս է եկել շուկայից. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վերջին 1,5 տարում հայկական 4 ավիաընկերություն դուրս է եկել շուկայից. hetq.am

2019 թվականի նոյեմբերից մինչեւ այս տարվա փետրվար հայկական ավիաշուկայից հեռացել է 4 ընկերություն: Չնայած պետք է նկատել, որ հեռանալը կամ փակվելը ոչ մասնագիտական բնորոշում է, քանի որ իրականում այդ ընկերությունները զրկվել են օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ), ինչը հիմնարար փաստաթուղթ է կոմերցիոն փոխադրումներ կատարելու համար:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ընկերությունների, այսպես ասած, փակվելը նորմալ երեւույթ է, քանի որ ավիացիան եւս տնտեսության ճյուղ է, իսկ ընկերությունները՝ բիզնեսի մաս, ու ցանկացած այլ ընկերության նման դրանք էլ կարող են բացվել ու փակվել: Սակայն իրականում պիտի առաջնահերթ նկատի ունենալ, որ խոսքը ռազմավարական նշանակության ոլորտի մասին է, այն էլ այնպիսի երկրի համար, որն ունի չավարտված պատերազմ: Ավելին՝ սեփական ավիացիայի կարեւորությունը ցցուն կերպով երեւաց 44-օրյա պատերազմի օրերին, երբ Հայաստանն ու Արցախը շտապ մատակարարումների կարիք ունեին: Նույն կարեւորությունը զգացվեց նաեւ կորոնավիրուսի համավարակի ժամանակ՝ թե՛ մեր քաղաքացիներին այլ երկրներից տարհանելիս, թե՛ հումանիտար օգնություն փոխադրելիս:

Փաստն այն է, որ արդեն 7-8 տարի հայկական ավիացիան գոյատեւողի դերում է:

2019 թ. նոյեմբերի 5-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ուժը կորցրած ճանաչեց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի ՕՇՎ-ն, որի գործողությունը մինչ այդ կասեցվել էր 6 ամսով, եւ այդ ընթացքում ընկերությանը ժամանակ էր տրվել վերացնել հայտնաբերված թերությունները: Այդուհանդերձ, «Տարոն-Ավիան», որը տնտեսական բնույթի խնդիրներ ուներ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, որի քաղաքներ թռչում էր, որոշեց ուղղակի դադարեցնել գործունեությունը՝ հաշվի առնելով նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ հենց այս ավիաընկերությունում կատարած ուսումնասիրություններից հետո Եվրամիությունը «խիստ հսկողություն» սահմանեց Հայաստանի քաղավիացիայի հանդեպ, իսկ մի քանի ամիս, հաշվի առնելով ՔԱԿ-ի կողմից թույլ վերահսկողությունը ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների նկատմամբ, վերջիններիս ներառեց «սեւ ցուցակ»: Դրանով արգելվեց ՀՀ գրանցում ունեցող օդանավերի մուտքը ԵՄ երկինք:

«Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի գործունեությունը, ըստ ՊԵԿ-ի, ներկայում ժամանակավոր դադարեցված է:

2020 թ. հուլիսի 4-ին ՔԱԿ-ը օդանավ շահագործողի վկայականից զրկեց ««Մարս Ավիա» ավիաընկերություն» ՓԲԸ-ին: Վերջինիս ՕՇՎ-ի գործողությունը կոմիտեն կասեցրել էր նույն տարվա փետրվարին ու ժամանակ տվել՝ թերությունները շտկելու համար: Թե՛ «Տարոն-Ավիայում», թե՛ «Մարս Ավիայում» խախտումները վերաբերում էին թռիչքային անվտանգությանը: Նկատենք, սակայն, որ երկու ավիաընկերությունների գործունեությունը որոշակի տարբերվում էր. եթե «Տարոն-Ավիան» զբաղվում էր ուղեւորափոխադրումներով, այդ թվում՝ իր օդանավերը վարձակալությամբ տալիս էր տարբեր ընկերությունների, ապա «Մարս Ավիայի» հիմնական ոլորտ կարելի է համարել բեռնափոխադրումները Աֆրիկայում: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ այս փոխադրողի օդանավերը ժամանակ առ ժամանակ հայտնվել են տարբեր աղմկահարույց պատմություններում, այդ թվում՝ վերջին անգամ 2019-ի հոկտեմբերին, երբ Հայաստանն արդեն Եվրամիության ուշադրության կենտրոնում էր: «Մարս Ավիայի» կազմում ներառված ինքնաթիռները շահագործվել են այնպիսի երկրներում, որոնք, մեղմ ասած, չեն փայլում իրենց թռիչքային անվտանգությամբ՝ Հարավային Սուդան, Չադ, Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն, Սոմալի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:

Այս ՓԲԸ-ի գործունեությունը եւս, ըստ ՊԵԿ-ի, ներկայում ժամանակավոր դադարեցված է:

hetq.am