Կյանքի պահապանները. բուժակներ
Advertisement 1000 x 90

Կյանքի պահապանները. բուժակներ

Հյուսիսատլանտյան դաշինքի «Մարտական բուժակի» դասընթացները գերազանց ավարտած ավագ սերժանտ Հովհաննես Անտոնյանը Նարեկի պես վստահ է. սա իր բնույթով աննախադեպ պատերազմ էր… Աննախադեպ էր նաև մարտիկներին թիկունք լինելու հարցում մեր ազգի համախմբումը:

-Գիտե՞ք, թե մեր ժողովրդի աջակցությունը ի՜նչ ուժ էր պատերազմի ընթացքում: Ո՜նց էինք զգում բոլորի հոգատարությունը, ջերմությունը. աննկարագրելի բան էր… Արձակուրդի մեջ էի, դժբախտ դեպք էր պատահել: Տատիկիս հոգեհանգստի օրն էր, երբ ընկերներս զանգեցին. «Համար 1 է»: Հարցրի՝ «Գնո՞ւմ ենք»: Դեռ չգիտեին: Ասացի՝ հենց իմանաք, ինձ էլ ասեք, կմիանամ ձեզ: Քիչ հետո զանգեց Մհերյանը. «Գնում ենք»: Անմիջապես, ինչ հիշում էի՝ դրեցի «տագնապի» պայուսակիս մեջ, ածիլվեցի ու դուրս եկա: 20 րոպեից տղաներով շարժվեցինք դեպի Իշխանաձոր: Սա ինչո՞ւ եմ պատմում. ուզում եմ մեր մեծ շնորհակալությունը հայտնել մեր ժողովրդին. այն, ինչ մոռացել էինք մեզ հետ վերցնել, տեղ հասնելով ունեցանք: Ու ամենակարևորը՝ զգում էինք այն ջերմությունը, որով պատրաստել էին այդ ամենը: Ոչ մի բանի կարիք չենք զգացել. կերակուրը, տաք հագուստը, անգամ քաղցրեղենը, ծխախոտը, ամեն, ամեն ինչ: Մի զավեշտալի դեպք հիշեցի: Մի օր ելքից հետո հոգնած հետ էի եկել, ծխախոտը վերցրի ձեռքս, մեկ էլ վրան կարդում եմ. «Հետ արի՛, որ ամուսնանանք», ու հեռախոսահամար է իբր գրված՝ 077 xxxxxx: Ես ամուսնացած եմ՝ երեք աղջիկ ունեմ, մեծը տասներկու տարեկան է, փոքրս՝ երկուսուկես: Ծիծաղեցի. «Բա որ ամուսնանալ էիր ուզում. համարդ ինչո՞ւ նորմալ չես գրել»: Ա՛յ, այսպիսի պահերը մեզ կապում էին իրականության հետ, ստիպում այդ դժվար օրերին ժպտալ:

– Ո՞րն է այս հզոր կամքի աղբյուրը, երբ քեզ տանը հարազատներդ, կինդ, երեք դուստրերդ են սպասում, իսկ դու պետք է օրը մի քանի անգամ, մահվան վտանգն աչքիդ առջև, այլոց կյանքը փրկես:

-Նախ և առաջ, գիտես, որ այն, ինչ անում ես, նաև քո երեխաների ապագայի համար ես անում, որ նրանք խաղաղ ապրեն, Հայրենիք ունենան: Աշխարհում հիմա շատ ազգեր կան, որ չունեն պետություն: Ասորիները, մեր եզդի եղբայրները, որոնց համար Հայաստանը երկրորդ հայրենիք է: Ի դեպ, շատ, շատ լավ են կռվել մեր եզդիները, շատ ուժեղ: Բա մեր տղերքը՝ մեր ջահել զինվորները, ո՜նց էին հասկանում այս ամենը: Մի դեպք անգամ չեմ հիշում, որ 18, 19 տարեկան մեր վիրավոր զինվորները ցավից նվնվային: Դեպք է եղել՝ մարմնից հանում եմ շատ խորը թափանցած բեկորը, ու ոչ մի ծպտուն: Հարցնում եմ՝ «Ցավազրկող սրսկե՞լ են»: Ասում է՝ «Չէ՛»: Զարմանում եմ. «Բա ո՞նց ես դիմանում»: Ամռանը նույն այդ տղերքին մենք էինք կենտրոնական հավաքակայանից ճանապարհել. բոլորին որպես երեխաների էինք նայում… Իսկ կռվի դաշտում բոլորից ուժեղ, բոլորից խիզախ, հասուն տղամարդիկ էին:

…Ամենածանրը մեր այն ապրումներն էին, երբ վիրավորներին տեղափոխելու հնարավորությունները սահմանափակ էին լինում, ու տեղ հասնելով՝ տեսնում էինք, որ վիրավորներն ավելի շատ են. ստիպված ենք ընտրություն կատարել: Ուսուցման ընթացքում, իհարկե, սովորել էինք առաջնահերթությունը որոշել, ինչպես վիրավորներին «տեսակավորել», բայց իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի դժվար է: Հաշվարկել փրկվելու հավանականությունը, փրկել մարդու կյանքը. սա բուժակի կարևոր սկզբունքներից մեկն է: Հնարավոր է՝ հետագայում այդ վիրավորը ապրի առանց վերջույթի կամ վերջույթների, բայց այդ պահին դու պետք է մտածես միայն նրա կյանքը փրկելու մասին: Մենք չէինք համակերպվում այս կանոնի հետ. փորձում էինք անել անհնարինը, որ և՛ ապրեր, և՛ վերջույթները փրկեինք: Մարտական բուժակի կարևոր սկզբունքներից մյուսը սեփական կյանքի մասին հոգալն է: Մեկ դասակի կազմում նախատեսված է մեկ բուժակ: Իրականում, ամեն ելքից առաջ քաջ գիտակցում էինք, որ կարող է չվերադառնայինք: Մարտական գործողությունների շրջանում կան գոտիներ, որտեղ բուժակը չպետք է մտնի. բայց մենք միշտ հատում էինք այդ գոտիները: Ասել, որ վախ չունեինք, սուտ կլինի, բայց երբ գիտակցում ես գործիդ կարևորությունը, վախը երկրորդական է դառնում:

-Նարեկը… միասին շատ էինք ելքերի դուրս գալիս,- գորովանքով մարտական ընկերոջն է նայում Հովհաննեսը: Նա էլ է հիշում «Դժոխքի դարպասները»:- Այդ օրն էլ հատեցինք չթույլատրված գոտին, մտանք, կարողացանք 15 հոգու դուրս բերել: Առանց ցավազրկելու տեղափոխեցինք. ժամանակ չկար: «Ույուտով» չբերեցինք, բայց բոլորին ողջ-առողջ տեղ հասցրինք:

…Հենց մի քանի րոպե ազատ ժամանակ էինք ունենում, մեր Մհերյան Մհերը բահը ձեռքն էր առնում ու վրանի ետևում փոս էր փորում: Ես անվտանգության հարցերին մի քիչ հումորով էի վերաբերվում: Քնելուց առաջ շորերս հանում, նոր էի պառկում: Թե մեռնելու եմ, գոնե մարդավարի, հանգիստ մեռնեմ: Մհերը փոս էր փորում, իսկ ես պտտվում էի շուրջը, հոգու հետ խաղում. «Էս մեր փոսն ե՞ս փորում»: Խորհրդավոր պատասխանում էր. «Կտեսնե՛ս, մի օր պետք կգա»: Ավարտեց գործը, ու հենց հաջորդ օրը, երբ հրետանիով մեր ուղղությամբ կրակեցին, բոլորս նետվեցինք այդ փոսի մեջ: … Մեր խեղճ Մհերյան Մհերին տեղ չմնաց…

Առաջին օրերին տեղանքին բացարձակապես ծանոթ չէինք: Ցերեկով, երբ ելքերի էինք գնում, էլի որոշ չափով կարողանում էինք կողմնորոշվել, բայց գիշերվա խավարի մեջ… Մի գիշեր կապ տվեցին, ասացին՝ կորպուսի բուժծառայության պետի հետ պիտի լինենք Հավսլու գյուղի մերձակայքում: Մեքենան նա էր վարում: Մթության մեջ, երբեմն մի պահ լուսարձակները միացնելով, առաջ էինք գնում: «Հարյուր մետր աջ, հարյուր մետր ձախ, ձեզ տեսնում ենք, առաջ գնացեք…»՝ մեզ ուղղորդում էին կապ տվողները: Գնացինք նրանց ասած ուղղությամբ ու գտանք. թշնամին խոցել էր հրանոթը, զինվորը մնացել էր դրա տակ: Մի կերպ դուրս բերեցինք. ոտքերը չէր զգում: Բարեբախտաբար, վնասվածքը շատ լուրջ չէր, ոտքի էր կանգնելու:

Մի օր Մհերյանի հետ գնացել էինք սահմանապահ ուղեկալ: Երկու մեքենայով էինք: Վիրավորները շատ էին: Շվարած կանգնել, նայում էինք՝ որին տանել, որին թողնել: Մենք էլ հաճախ բավականին հեռվից էինք գալիս: Այս դեպքում արդեն ստիպած էինք ըստ վիրավորների ապրելու հավանականության որոշում կայացնել: Սա ամենադժվար որոշումն է: Այդ օրը ճանապարհին վիրավորներից մեկը մահացավ… Դեռ նման բան չէր պատահել… Սկսում ես մեղադրել ինքդ քեզ. ախր, ամեն ինչ ճիշտ էր, ինչո՞ւ էսպես եղավ… Բայց… ինչպես ասում են՝ ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է…

Անհավանական, հեքիաթային աշխատանք են կատարել մեր բժիշկները: Նրանցից ամեն մեկը մի արտասովոր մարդ-տեսակ է: Մի բժիշկ ունենք՝ մեր ռեանիմատոլոգ-անեստեզիոլոգն է՝ Հարություն Սուքիասյանը, որը նույնիսկ «մահացածների» մեջ ողջ մարդ էր գտնում, եթե անգամ վիրավորի բութ մատի մեջ թեթև սրտի զարկ զգար, հարություն էր տալիս… Իզուր չէ, որ անունը Հարություն է: Երբեք չէր հանձնվում, երբե՛ք: Ասում էր. «Թող ոչ ոք չգա ինձ փոխարինելու. ես մինչև վերջ մնալու եմ էստեղ, ձեզ հետ»: Ու մնաց մինչև վերջին օրը:

Տղաներն, իրար հերթ չտալով, պատմում են. Հարութն ուրիշ է՝ հազվագյուտ բժիշկ, մարդ: Էլի էի լսել նրա մասին, ուզում էի հարցազրույց անել, բայց կտրականապես հրաժարվեց: Դե, իսկ լավ գործերի մասին պատմողներ գտնվում են: Նարեկն է հիշում.- Մի վիրավոր բերեցին. մարմինն արդեն սառել էր, կենդանության ոչ մի նշան: «Ուազի» դռները բացեցին, Հարութը մոտեցավ վիրավորին, և մի հայացքը, մարմնին մի թեթև դիպչելը բավական էր, որ արձանագրի. «Այ ախպե՛ր, սա հո «կակալ հիվանդ է», ի՞նչ մահացած»: Ու հենց մեքենայի մեջ սկսեց սրտի արհեստական մերսում անել, «էն աշխարհից» հետ բերեց վիրավորին: Նրան նստած վիճակում ճանապարհեցինք հիվանդանոց…

Հսկայական աշխատանք էր կատարում մեր գումարտակի ինժեները՝ Արա Գրիգորյանը,- շարունակում է Նարեկը:- Մոտ 40 տարեկան զինվորական է, կապիտան: Ամբողջ դաշտային հոսպիտալում ցանկացած տեխնիկական հարց միանձնյա էր լուծում: Հոգնել չուներ: Ասում էինք՝ «Արա՛ Գրիգորիչ, լա՛վ, հերի՛ք է, մի քիչ հանգստացի՛ր»: Համեստորեն պատասխանում էր. «Ինձ Արա Գրիգորիչ մի՛ ասեք. ես ձեր ընկերն եմ»: Ո՞նց չասեինք. այդ գերմարդու հանդեպ մեր ակնածանքն այնքա՜ն մեծ է:

Մեր բոլոր բժիշկներն էին հրաշալի՝ Համբարձումը, Կարապետը, մյուսները… Նրանք իրենց պարտականությունը կատարելուց զատ, արել են անհնարինը…

Դանիել Մարատիչի մասին խոսքեր չկան. ոչ միայն փայլուն ղեկավարում էր բուժանձնակազմին, այլև ամեն զինվորի, ամեն վիրավորի հետ հարազատ երեխայի պես էր վարվում՝ անսպառ սիրով, կարելի է ասել՝ մոր հոգատարությամբ: Իր ձեռքով մաքրում, լվանում էր վերքերը, փոշոտված, կեղտոտված մարմինները… Շատ բան կա պատմելու, նրա մարդկային տեսակը բնորոշող շատ պատկերներ են այս պահին գալիս մտքիս, բայց ամեն ինչ չես ասի… Մի խոսքով՝ հազվագյուտ բժիշկ ու մարդ:

Ամբողջությամբ՝ hayzinvor.am