«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերն անցան Երևանի համայնքային կառույցներին
Advertisement 1000 x 90

«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերն անցան Երևանի համայնքային կառույցներին

Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցել է համայնքային կառույցներին:

Արտահերթի նիստի օրակարգում ներառված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը ներկայացրել է Երևանի ավագանու 2016թ. գործունեության հաշվետվությունը: