Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել է, որ այլևս չի խաղալ կինոյում: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ իր «Հարդագողի ճանապարհով» նոր կինոնկարի ռուսաստանյան պրեմիերայից առաջ, որում նա խաղացել է գլխավոր դերը:
«Այս ֆիլմն ինձ համար շատ ծանր էր. երբ ես խաղում էի ֆիլմում, դա մեծ խնդիր էր: Դերասան և ռեժիսոր լինելը տարբեր աշխատանք է»,-պատմել է Կուստուրիցան:
Նա ընդգծել է, որ «կյանքում երբեք այլևս դերասան չի լինի»,-քանի որ իրեն ավելի շատ մոտ է ռեժիսորի մասնագիտությունը:
Էմիր Կուստուրիցան այն քչերից մեկն է, որն ստացել է Կաննի կինոփառատոնի երկու բարձրագույն պարգև: Փառատոնի գլխավոր պարգևը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», նա ստացել է «Հայրիկը գործուղման մեջ է» և «Անդեգրաունդ» կինոնկարների համար: Կուստուրիցան ինքը քանիցս նկարահանվել է սեփական ֆիլմերում, սակայն դրանց մեծ մասում միայն էպիզոդիկ դերեր է խաղացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: