Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար. armeniasputnik.am

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի «Յումա Ռեյնջ» ռազմափորձարանի երկնքում ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի F-35B կործանիչ-ռմբակոծիչը խոցվել է սեփական կրակոցով, երբ բեկորային-ֆուգասային զինամթերքը պայթել է ավիացիոն հրանոթից դուրս գալուց անմիջապես հետո: Ինքնաթիռը ֆյուզելաժի (հիմնական մասի) զգալի վնասվածքներ է ստացել։ Օդաչուն չի տուժել, նրան հաջողվել է մեծ դժվարությամբ F-35B-ը վերադարձնել ավիաբազա: Նախնական գնահատականներով, վնասը կազմում է ավելի քան 2,5 մլն ԱՄՆ դոլար: Պատմությունը տարօրինակ է, գրեթե անհավանական։

Ծովային հետևակի համար F-35B-ի կոնֆիգուրացիան հագեցվում է 25 մմ տրամաչափի GAU-22/A Gatling (GPU-9/A) ավիացիոն հրանոթով, որը տեղակայվում է կորպուսի ներքևի մասում։ «Յումա Ռեյնջ» զինափորձարանի երկնքում օգտագործվում էին  PGU-32/B SAPHEI-T կիսազրահահար բեկորա-ֆուգասային հրկիզող-լուսահետքային զինամթերքներ։ Սովորաբար դրանց պայթուցիչն աշխատում է թիրախը խոցելուց հետո, ոչ մեծ ընդմիջումով։ Ծովային հետևակի կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Էնդրյու Վուդը հայտնել է, որ հետաքննություն է ընթանում. վարկածներից մեկը կործանիչի զինանոցում պատահաբար հայտնված անորակ զինամթերքն է։ Ամեն դեպքում, «A դասի միջադեպը» հաստատում է F-35-ի խնդիրների համալիր բնույթն ու տեխնոլոգիապես հում լինելը։

Lockheed Martin-ի կողմից մշակված «հինգերորդ սերնդի» F-35 Lightning II քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչը լավ նկատելի է հավանական (բարձր տեխնոլոգիական) հակառակորդի ռադարների էկրանին, նախապես պարտության է դատապարտված 4+ սերնդի առավել արագընթաց և մանյովրային կործանիչների հետ օդային մարտում, և ոչ մի անգամ մարտական միջավայրում չի ապացուցել ցամաքային թիրախների խոցման բարձր արդյունավետությունը:

F-35-ի կառուցվածքի հիմնային թերություններն այնքան զգալի են և այնքան չշտկվող, որ Պենտագոնը 20 տարվա ընթացքում՝ 2000թ․-ի առաջին թռիչքից ի վեր այդպես էլ չի արտոնել F-35А (ռազմաօդային ուժերի համար), F-35В (ծովային հետևակի կորպուսի համար), F-35С (ռազմածովային նավատորմի համար) մոդիֆիկացիաների սերիական արտադրությունը։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները ձգտում են ցանկացած հարմար պատճառաբանությամբ հրաժարվել թանկարժեք և անօգուտ կործանիչները ձեռք բերելուց։ Մեծ Բրիտանիան, օրինակ, մարտին 65 տոկսով կրճատել է F-35В-ի պատվերները՝ «տնտեսական ճգնաժամի պատճառով»։

Աղետ՝ «գլխապտույտի» պատճառով

Ի տարբերություն եվրոպական երկրների, Ճապոնիան շարունակում է F-35A կործանիչների արտադրությունը Նագոյայում, Mitsubishi Heavy Industrie գործարանում, ինչը նվազագույն գնային շահույթ է տալիս ԱՄՆ-ից պատրաստի մեքենաներ ստանալու համեմատ։ Մեկ «ճապոնական» F-35-ն արժե 86,3 միլիոն դոլար, բուն ամերիկյանը՝ 86,76։ Ընդհանուր առմամբ պատվիրվել է 147 ինքնաթիռ՝ մոտ 13 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Միաժամանակ ԱՄՆ-ն Ճապոնիային հասանելիություն չի տվել F-35-ի որոշ զգայուն տեխնոլոգիաներին, իսկ Ճապոնիայի ինքնապաշտպանության օդային ուժեը երբեմն ստիպված են լինում զոհաբերել իրենց օդաչուների համբավը՝ ամերիկյան «անտեսանելիի» «դեմքը պահպանելու» համար։

2019 թ․-ի գարնանը Միսավա ավիաբազայի մոտ անցկացված վարժական թռիչքի ընթացքում ճապոնական չորս F-35A-ից մեկը ժամում ավելի քան 1000 կիլոմետր արագությամբ թռչելիս Խաղաղ օվկիանոսն է ընկել։ Փորձառու օդաչու, մայոր Ակինորի Հոսոմին ինչ-ինչ պատճառով չի կարողացել կատապուլտով լքել ինքնաթիռը կամ աղետի ազդանշան տալ, կործանիչը պարզապես անհետացել է։ Ավելի ուշ հայտնաբերել են աղետի վայրը, ինքնաթիռի բեկորները և մասնակի՝ օդաչուի աճյունը։

F-35A Lightning II-ը այնպես էր մասերի բաժանվել, որ միջադեպի պատճառների մասին դատելը խիստ դժվար էր։ Դրանից է՛լ ավելի տարօրինակ է թվում Ճապոնիայի Ռազմաօդային ուժերի պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ աղետի պատճառը օդաչուի գլխապտույտն է եղել։ Աշխարհի ցանկացած բանակում ամենաանհավանական երևույթն է՝ կործանիչի օդաչու, որը գլխապտույտ ունի։ Մյուս կողմից՝ տարբեր երկրներում հաճախ են խնդիրներ ծագում F-35-ի սուպերհամակարգչի հետ։

ԱՄՆ ՌՕՈւ-ի 58-րդ կործանիչ էսկադրիլիայի F-35A կործանիչ-ռմբակոծիչը 2020թ․-ի մայիսին աղետի ենթարկվեց ուսումնավարժական թռիչքի ժամանակ՝ Ֆլորիդայի Էգլին ռազամակայանի մոտակայքում։ Օդաչուն ողջ էր մնացել, և հայտնեց, որ կորցրել է կործանիչի կառավարումը։ Քմահաճ մեքենա է։ Բացի այդ, կարծիք կա, որ F-35-ի օդաչուական խցիկն ու կառավարման սարքավորումները «չափազանց բարձր տեխնոլոգիական» են օդաչուի համար։ Ինչ արժե հենց միայն լրացված իրականության թռիչքային սաղավարտը (400 հազար դոլար արժողությամբ)։

Չնայած Lockheed Martin-ի կողմից ճնշմանը, 2021թ․-ի հունվարին Պենտագոնը կրկին անորոշ ժամանակով հետաձգեց «անտեսանելի» F-35-ների սերիական արտադրության սկիզբը ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով։ ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի կոշտ դիմակայությունը շարունակվում է 2017թ․-ից, և այն կարելի է հասկանալ։ Ինքնաթիռը օգտագործման համար վտանգավոր է անգամ խաղաղ ժամանակ (վերևում նշված է F-35-ի աղետների բնավ ոչ լիակատար ցանկը)։ «Անտեսանելիի» վիրտուալ առավելությունները չեն դիմանում դաժան իրականության հետ բախմանը․ բարձր արագությունների դեպքում F-35-ը սկսում է քանդվել, և հիմա այն անձնագրով մինչձայնային ինքնաթիռ է՝ կարճ գերձայնային արագացման հնարավորությամբ։

Համակարգային ձախողում

ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի համար յուրաքանչյուր ինքնաթիռի գինը նվազեցված է մինչև 80 միլիոն դոլար, և այնուամենայնիվ Պենտագոնում շարունակում են քննադատել F-35-ը՝ դրա «կասկածելի հուսալիության, տեխնիկական սպասարկման շատ բարձր պահանջների և շահագործման մեծ ծախսերի» համար։ Եվ չնայած կործանիչ-ռմբակոծիչը մարտունակ է հայտարարվել և ԱՄՆ ՌՕՈւ սպառազինության մեջ ներառվել է 2014թ․-ին, այն դեռևս «շատ հեռու է բարձր ինտենսիվության մարտերին պատրաստ լինելուց» և «հազիվ թե պատրաստ լինի մինչև 2025 թվականը»։

Հնարավոր է՝ մինչ այդ Ռուսաստանն ու Չինաստանը կսկսեն վեցերորդ սերնդի կործանիչներ արտադրել։ Հիշեցնեմ՝ հենց ՌԴ-ի և ՉԺՀ-ի ռազմական հնարավորությունների և հսկայական տարածքների հաշվարկով է ստեղծվել ամերիկյան F-35 «անտեսանելի հրեշը» (հեռանկարում՝ միջուկային զենքի կրողը)։ Անցած տարվա աշնանը Միացյալ Նահանգներում F-35-ն անվանում էին Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի գլխավոր զենք։

Պենտագոնի տվյալներով՝ F-35-ի ամերիկյան «պաշարների» գրեթե երկու երրորդը թռիչքի ընդունակ չէ՝ F135 շարժիչի հետ խնդիրների պատճառով։ Եթե ավելի ճշգրիտ՝ խնդիրների կատարման պատրաստ է «կայծակների» ընդամենը 36 տոկոսը։ Աշխարհի պատմության ամենաթանկ զենքի ծրագրի՝  ընդհանուր 1,7 տրիլիոն դոլար արժողությամբ F-35 Joint Strike Fighter-ի կոնցեպտուալ, համակարգային, տեխնոլոգիական և լոգիստիկ աղետն ավելի է խորանում թերֆինանսավորման պատճառով․ եղած-չեղած 10 միլիարդ դոլար է պակասում։ Իսկ ժամանակը «անտեսանելիի» դեմ է աշխատում։

F-35-ի անկատարությունն ակնհայտ դարձավ դեռևս 2008թ․-ին, «Թայվանի նեղուցի պատերազմի» համակարգչային սիմուլյացիայի ժամանակ, որը ստեղծել էին RAND-ի վերլուծաբաններ Ջոն Սթիլիոնն ու Հարոլդ Պերդուեն (մարտական փորձով նախկին ռազմական օդաչուներ)։ Ամերիկյան «կայծակները» բազմափուլ ճակատամարտը չորրորդ սերնդի չինական կործանիչներին պարտվեցին երկու անգամ (F-35-ները լիովին ոչնչացվեցին)։

Վերլուծաբաններն ապացուցում էին, որ նոր կործանիչ-ռմբակոծիչը ունակ չէ դիմակայել հավանական հակառակորդի  ժամանակակից ինքնաթիռներին և աննշան դեր է խաղալու․ «Զիջում է արագացման հարցում, զիջում է ուղղահայաց արագության հարցում, զիջում է հնարավորությունների հարցում։ Բացի այդ, ցածր առավելագույն արագություն ունի։ Չի կարող գրոհել ուղղահայաց հարթություններում»։ Սակայն դա չկանգնեցրեց գլոբալ, տրիլիոնանոց արժեքով և պաթոլոգիաներով նախագծի իրականացումը։

Ամերիկացիների նախնական ցանկությունը՝ ֆիզիկայի օրենքներին հակառակ «երեքը մեկում» ինքնաթիռ ստանալ (սովորական՝ ՌՕՈւ-ի համար, տախտակամածային՝ ՌԾՈւ-ի համար, ուղղահայց թռիչք-վայրէջքով՝ Ծովային հետևակի կորպուսի համար), F-35 Lightning II-ին դատապարտում է «արկածների» շարունակականության՝ խաղաղ ժամանակ, և պարտության՝ բարձր տեխնոլոգիական հակառակորդի հետ ռազմական դիմակայության դեպքում։

«Անտեսանելիները» համառորեն վաճառելով դաշնակից երկրներին՝ կարելի է գոնե ֆինանսական կորուստներից խուսափել։

Շարունակելի։

armeniasputnik.am



Նման նյութեր